‘Կահիրեում անհայտ անձինք կրակ են բացել հարսանեկան արարողության ուղղությամբ’

772

Կահիրեում ղպտական եկեղեցում անցկացվող հարսանեկան արարողության վրա դիմակավորված անձանց արձակած կրակոցներից զոհվել է երեք մարդ: Ականատեսների վկայությամբ՝ զինված մարդիկ մոտոցիկլետներով մոտեցել են եկեղեցուց դուրս եկողներին ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն ինը մարդ, իսկ զոհերի թվում ութամյա  աղջիկ կա: Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի արվարձանում՝ Գիզայում, որտեղ բազմաթիվ արտասահմանյան դեսպանատներ կան:

Եգիպտոսում քրիստոնյա-ղպտիների համայնքն առաջին անգամը չէ, որ դառնում է իսլամիստների թիրախը, որոնք համարում են, որ այս տարվա հուլիսին նախագահ Մոհամեդ Մուրսիին տապալելու հարցում ղպտիները նույնպես առնչություն են ունեցել. երբ եգիպտական բանակի հրամանատար Աբդուլ Ֆաթահ Սիսին հեռուստատեսությամբ հայտարարեց Մուրսիին հեռացնելու մասին, ղպտի պատրիարք Ֆեոդոր II-ը նրա կողքին էր կանգնած և հայտարարել էր, թե զինվորականների ծրագիրը՝ հետագա անելիքների վերաբերյալ, «մշակվել է հարգարժան մարդկանց կողմից, որոնք գործում են ի շահ Եգիպտոսի»: Դրանից հետո երկրում ղպտի-քրիստոնյաների սպանությունների ալիք բարձրացավ, իսկ նրանց խանութներն ու օֆիսներն անդադար հարձակումների են ենթարկվում:

Ղպտական ուղղափառ եկեղեցին՝ քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը, հիմնադրվել է Ալեքսանդրիայում մ.թ. մոտավորապես 50 թվականին: Եգիպտոսում քրիստոնյաները կազմում են բնակչության առնվազն 10%-ը կամ ավելի քան ութ միլիոն մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են գերմանական մի շարք ակումբներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ը Վոլգոգրադի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվության դեռ չի տիրապետում ‘