‘Կահիրեում հակակառավարական բազմահազարանոց ցույց է սկսվել’

837

Կահիրեի Թահրիր հրապարակում այսօր հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնք պահանջում են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Ընդդիմության ակցիան նվիրված է նախագահի երդմնակալության մեկամյակին: Այս մասին հայտնում է BBC News-ը` չնշելով ակտիվիստների հստակ թիվը:

Ցուցարարները սկսել են հավաքվել հրապարակում շաբաթ երեկոյան ու այնտեղ են անցկացրել ամբողջ գիշեր: Ընդդիմադիրների դժգոհության առիթն այն է, որ Մուրսին ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականություն է վարում ու չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը:

Ընդդիմադիրները պնդում են, որ նրանց հաջողվել է հավաքել եգիպտացիների 25 միլիոն ստորագրություն, որոնք կողմ են նախագահի հրաժարականին: Ստորագրությունները հավաքել է «Թամարոդ» շարժումը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ըմբոստություն»: Ակտիվիստները խոստացել են ստորագրությունները հանձնել եգիպտական դատարաններ:

Նրանք պլանավորում են քայլերթ անցկացնել Թահրիր հրապարակից մինչև նախագահական նստավայր: Այդ ընթացքում նստավայրի մոտ անց է կացվում Մուրսիի կողմնակիցների բազմահազարանոց ակցիան: «Ալ Ջազիրան» նշում է, որ երկու ակցիաներն էլ կարող են վերածվել զանգվածային անկարգությունների:

Մուրսիի երդմնակալության մեկամյակին նվիրված ակցիաները սկսվել են դեռ հունիսի 28-ին: Արդյունքում նախագահի աջակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում երեք մարդ է մահացել` այդ թվում ԱՄՆ քաղաքացի: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին ընկել է Աղստեւ գետը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա — Իսպանիա. Ո՞վ է հիմա ավելի «բրազիլացի»’