‘Կամ Այվազյանը պետք է դատի տա «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին, կամ Դատախազությունը պետք է գործ հարուցի Այվազյանի դեմ ‘

1403

Մենք արդեն հրապարակել ենք ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության երրորդ պարզաբանումը` կապված Վ. Այվազյանի հետ, որին ժամանակին մեղադրում էին իրենցից 3 միլիոն դոլար կաշառք ուզելու, իսկ հիմա, ամերիկյան դատարանի որոշմամբ նրանից պահանջում են փոխհատուցել 37 միլիոն դոլար՝ որպես հասցված վնասի փոխհատուցում :

Ընդարձակ այդ պարզաբանման մեջ, ի միջի այլոց, թվարկվում է նաեւ այն հանքավայրերը, որոնց Վ. Այվազյանը տիրացել է՝օգտագործելով Բնապահպանության նախարարի իր պաշտոնական դիրքը:
Դրանք 18-ն են.

1` Լոռու մարզի Բազումի երկաթի հանքավայրը,

2` Սյունիքի մարզի Կամաքարի հանքավայրը,

3` Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրը,

4`Կոտայքի մարզի Աբովյանի երկաթի հանքավայրը,

5` Սյունիքի մարզի Սվարանցի հանքավայրը,

6` Արարատի մարզի տրավերտինի հանքավայրը,

7` Կոտայքի մարզի Հանքավանի հանքային դաշտի Բացատի Լիճ (ոսկի – պղինձ),

8` Սառնաղբյուր (ոսկի – պղինձ),

9` Ցից Քար (ոսկի – պղինձ),

10` Այա – Պավլե (ոսկի – պղինձ) հանքային տեղամասերը (ի դեպ՝ վերջին չորսը օրենքով նույնպես պատկանել են Ընկերությանը),

11` Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրի Զառ տեղամասը (ոսկի),

12` Արջասար տեղամասը (ոսկի),

13` Նոր տեղամասը (ոսկի),

14` Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկու հանքավայրը,

15` Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու հանքավայրը,

16` Արագածոտնի մարզի Սիսիանի ոսկու հանքավայրը,

17` Սյունիքի մարզի Մազրայի ոսկու հանքավայրը,

18` Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը:

Հաղորդվում է նաեւ, որ այս 18 միավորից միայն մեկի վաճառքից Վ. Այվազյանը ստացել է 24 միլիոն դոլար։ Եթե համարենք, որ վաճառված այդ հանքավայրը միջին կարգի է եղել, ուրեմն Վ. Այվազյանի ապօրինաբար ձեռք բերած հանքավայրերի ընդհանուր շուկայական գինը կկազմի մոտ կես միլիարդ դոլար: Սա շատ կոնկրետ հաղորդում է հանցագործության մասին։ Վ. Այվազյանը պետք էոչ թե լրագրային պարզաբանումներ, այլ անմիջապես դատի տա «Գլոբալ Գոլդ Մայնինգին»՝ ծանր զրպարտանքի համար։ Եթե նա դա չի անում, ուրեմն ՀՀ դատախազությունը պետք է անմիջապես քրեական գործ հարուցի Վ. Այվազյանի դեմ՝ պետական ունեցվածքի յուրացման կոռուպցիոն մի գործով, որի արժեքը մոտ կես միլիարդ դոլար է։ Իսկ եթե լռի նաեւ դատախազությունը, ուրեմն այդ յուրացման մեջ իրենց բաժինն են ունեցել նաեւ Վ. Այվազյանի անմիջական վերադասները՝ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը:

Մուսա Բադալյան

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսի» մարզիչի պատիժը մեղմացվեց’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ընտրությունների արդյունքը դրական է գնահատել ‘