‘Կայացավ Կոնգրեսի ու ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը (լրացված, տեսանյութ)’

7033

Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացավ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը Կոնգրեսից մասնակցում էին կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաեւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: Նա նաեւ գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ հանդիպումը կայացել է: Նա նշեց, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա՝ երկրում առկա խնդիրները լուծելու համար: «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել, եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները՝ ցանականում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»,- նշել է նա:

iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ,  իր հերթին Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը եւս գոհունակություն հայտնեց հանդիպման կայացման առիթով եւ նշեց, որ ինչպես ԲՀԿ վերջին համագումարում Ծառուկյանի ելույթն էր իր մեջ լուրջ ազդակներ պարունակում, այնպես էլ մարտի 1-ի հանրահավաքը, եւ դրա արձագանքները վկայեցին այն մասին, որ հասարակությունը պատրաստ է լուրջ փոփոխությունների: Նա նշեց, որ Կոնգրեսի դիրքորոշումը հետեւյալն է. երկիրը լրջագույն ճգնաժամի առաջ է, որի հիմանական մեղավորը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն, եւ որ դրա համար պետք է նախապատրաստել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Միեւնույն ժամանակ նա նաեւ հավելեց, որ համատեղ գործողությունների կազմակերպման հարցում Կոնգրեսը առաջնորդվելու է քառակողմ ձեւաչափով ընդունված որոշումներով:

ԲՀԿ ղեկավարը նշեց նաեւ, որ ամենակարևորը 4 քաղաքական ուժերի համագործակցությունն է՝ փոխադարձ համաձայնության եւ հարգանքի մթնոլորտում: Նրա խոսքով, եթե նույնիսկ կան հարցեր, որոնք տարաձայնություն են առաջացնում, դրանք պետք է լուծվեն ավելի լայն քննարկումների միջոցով: Լեւոն Զուրաբյանն իր համաձայնությունը հայտնեց, որ «հրաշալի քառյակի» խորացված համագործակցությունը կարող է ապահովել անցնցում իշխանափոխություն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհում հրաժարվում են գործ ունենալ «ռուս օկուպանտների» հետ (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին այցելել է Կիև’