‘Կանադայում հայ վրիժառուի ձեռքով սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան է բացվել’

992

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու-Յորք այցելելուց առաջ Օտտավայում մասնակցել է հայ վրիժառուի ձեռքով 1982-ին սպանված թուրք գնդապետ Աթիլա Ալթըկատի հուշարձանի բացման արարողությանը; 

«Աշխարհի տարբեր ծայրերում իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակները երբեք չեն մոռացվի», — Hürriyet-ի փոխանցմամբ, «ահաբեկչությունը դատապարտող» հուշարձանի բացման արարողության ժամանակ հայտարարել է նա:

Կանադայի արտգործնախարարն իր հերթին ափսոսանքով նշել է, որ Թուրքիան եւ Կանադան տաղանդավոր շատ դիվանագետների են կորցրել « մեր երկրների դեմ ուղղված բռնության անիմաստ գործողությունների արդյունքում»: 

«Վերջին իրադարձություններն ապացուցում են, որ արտասահմանում ծառայող դիվանագետներին եւ պետական ծառայողներին սպառնացող վտանգները դեռեւս ցավալի իրականություն են», — ասել է կանադացի նախարարը:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, Թուրքիայի կողմից ֆինանսավորված եւ թուրք քանդակագործի հեղինակած  արձանը խորհրդանշում է նաեւ Թուրքիայի եւ Կանադայի միջեւ բարեկամական հարաբերությունների վերականգնումը:  

Նշենք, որ Կանադայի խորհրդարանը 1996-ի ապրիլի 23-ին ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: 2004-ին օրենսդրական ճանաչմանը հավանություն տվեց կանադական կառավարությունը, ինչը առաջացրեց թուրքական պետության բուռն դժգոհությունը: Վերջին տարիներին, սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները վերականգնվում են:

Կանադայում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ Աթիլլա Ալթըկատը սպանվել է 1982-ի սեպտեմբերի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության դեմ արդարադատության խմբի (JCAG) վրիժառուի ձեռքով: Նույն թվականին խումբը մի շարք հարձակումներ իրականացրեց նաեւ Կանադայում հավատարմագրված այլ թուրք դիվանագետների վրա: 

 

Նախորդ հոդվածը‘«Կրակ՝ ՀՀԿ-ի անունից»’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ավտովթարի հետեւանքով յոթ անչափահասներ են մահացել ‘