‘Կանանց անուններով փոթորիկներն ավելի մահաբեր են’

783

Կանանց անուններով անվանակոչված բնական աղետները շատ ավելի մահաբեր են, քան տղամարդկանց անուններով անվանակոչվածները, նշվում է Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականների զեկույցում:

«Կանանց անուններով փոթորիկներից ավելի շատ մարդիկ են զոհվում, հավանաբար՝ այն պատճառով, որ կանանց անուններն ավելի քիչ վտանգ են ներշնչում բնակչությանը, ու հետևաբար՝ դրանց ավելի վատ են նախապատրաստվում»,- ասվում էհետազոտության մեջ, որը հրապարակել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան:

Հետազոտողների տվյալներով՝ հենց կարծրատիպերն են ազդեցություն գործում տարհանման  և աղետներին նախապատրաստվելու՝ մարդկանց վարքագծի վրա: Կանանց անուններն ամերիկացիների մոտ չեն ասոցացվում վտանգի զգացողության հետ: Այդ փաստն արձանագրվել է մի շարք գիտափորձերի արդյունքում: Դրանցից մեկի ժամանակ գիտնականները մասնակիցներին առաջարկել են գնահատել փոթորիկների վտանագավորությունը՝ զուտ նրանց անվանումների հիման վրա: Գիտափորձի մասնակիցները հաստատել են, որ վախ են տածում տղամարդկանց անուններով աղետների նկատմամբ:

Երկրորդ թեստի ընթացքում մասնակիցներին առաջարկել են պատասխանել՝ ավելի վտանգավոր է «Ալեքսա՞նդր» փոթորիկը, թե՞ «Ալեքսանդրան»: Այս դեպքում ևս հարցվածներն ավելի վտանգավոր են համարել «Ալեքսանդրը»:

Փորձագետները վերլուծել են վերջին 60 տարում փոթորիկների ուժգնության, ավերածությունների ծավալի և զոհերի թվի տվյալները:

Երկար տարիներ փոթորիկներին կանանց անուններ են տրվել: Սակայն սեռական խտրականության մեղադրանքներից հետո ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը փոփոխություններ է մտցրել այդ հարցում՝ ստեղծելով տղամարդկանց անունների ցանկ, փոխանցում է Interfax-ը:  

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է ոստիկանի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ՌԴ-ին մեկ տրիլիոն գրիվենի փոխհատուցման հայց կներկայացնի’