Կանաչապատ տարածքը դարձրել են ավտոկայանատեղի

431

Երեկ «Իլուրը» նամակ էր ստացել մեր ընթերցողներից մեկից, որը մեր ուշադրություն էր հրավիրում Երևանի հերթական կանաչապատ տարածքի փաստացի ավերման դեպքի վրա: «Արմենիա» բժշկական կենտրոնի (նախկին Հանրապետական հիվանդանոց) և «Դիագնոստիկ» կենտրոնի միջև գտնվող կանաչապատ տարածքի մի հատվածը վերածվել է սովորական ավտոկայանատեղիի: Մեքենաները կայանվում են հենց ծառերի արանքում, խոտի վրա, տեղ-տեղ նաև ծառահատումների հետքեր կան:

Ընթերցողի կողմից արված լուսանկարները վկայում են, որ ակնհայտորեն պահպանված չեն կանաչապատ տարածքի համար նախատեսված նորմերը: Մեզ հաջողվեց պարզել, որ կոնկրետ այդ խնդրահարույց տարածքը համայնքային սեփականություն է և քաղաքապետարանի կողմից վարձակալության է տրված «Դիագնոստիկ» կենտրոնին, որն էլ փաստացի տնօրինում է այն: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը կանաչապատ գոտին հանձնելով վարձակալության, ըստ էության, այն մատնել է անտերության և դրա ճակատագիրը թողել է վարձակալողի քմահաճույքին: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Երևանի առանց այդ էլ աղքատիկ կանաչ տարածքների առկայության ֆոնին մենք ականատես ենք լինում նույն այդ կանաչապատ ու ծառաշատ տարածքների աստիճանական վերածմանը այլ նպատակի համար օգտագործվող տարածքի: Չենք զարմանա, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ այդ տարածքում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել:

Նախորդ հոդվածը«Ինտերը» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածըՇվեդիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին