‘Կանխամտածված սպանությունը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես սրտի կաթված’

2266

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆիրդուս Մուրադյանը մահացել է ոչ թե բութ գործիքով ստացված հարվածից, այլ ինֆարկտից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Կարինե Մուրադյանը:

Խոսելով դեպքի մասին՝ Կարինե Մուրադյանը նշեց, որ այդ օրը ժամը 11-ի սահմաններում Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարված է հասցրել Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով էլ վերջինս մահացել է: «Տարածքում իրականացվող պեղումների ժամանակ տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն, իսկ պատճառը եղել է այն, որ Աբրոյանը մոտեցել է բանվորներին եւ սկսել հայհոյելով ցուցումներ տալ՝ էսպես մի՛ արեք, այնպես արեք: Այդ պահին, որպես մասնագետ, Ֆիրդուս Մուրադյանը մոտեցել է նրան՝ նշելով, որ իրենք իրենց գործը լավ գիտեն, ինչից հետո վեճի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է եւ բանվորները շարունակել են իրենց աշխատանքը: Հեռանալով տարածքից՝  Ավգուստին Աբրոյանը ինչ-որ բան է վերցրել ավտոմեքենայից եւ հետ գալուն պես՝ բութ գործիքով հետնամասից հարվածել է կեսրարիս գլխին, ինչից հետո նստել է մեքենան ու փախել»,- հայտնեց Կարիեն Մուրադյանը:

«Այժմ դատական փորձաքննություն իրականացնելուց հետո պարզվել է, որ Ֆիրդուս Մուրադյանը մահացել է ինֆարկտից, իսկ մարդասպանին ուզում են անմեղ ճանաչել: Մենք չենք պատրաստվում լռել. նշանակել ենք երկրորդական դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ պատրաստ չեն»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց այսօր տեղեկացրել են, թե Աբրոյանին ցանկանում են ազատ արձակել:

Նշենք, որ Ավգուստին Աբրոյանը հանդիսացել է տարվող աշխատանքների պատվիրատուն:

«Նշված պահին տարածքում գտնվող մարդիկ նույնպես ականատես են եղել դեպքին. կա բանվորներից երկու վկա, եկեղեցու մոմավաճառը, իսկ դեպքից հետո, երբ Աբրոյանը փախուստի է դիմել, զանգել է բանվորներից մեկին եւ հարցրել ՝ «խփել քցել եմ, գնա տես սաղա, թե չէ»: Այսինքն՝ նա իր բերանով հաստատել է, որ խփել գցել է»,- ասաց Կարինե Մուրադյանը:

Նրա խոսքով՝ Ֆիրդուս Մուրադյանի գլխի վրա առկա են հարվածների հետքերը, սակայն փորձում են ապացուցել, որ դրանք առաջացել են մեջքի վրա ընկնելու հետեւանքով, բայց այնինչ, նա ընկել է դեմքի վրա՝ գլխի հետեւից հարված ստանալու հետեւանքով, ինչը փաստել են նաեւ վկաները:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված գործիքը հայտնաբերվել է, թե ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Աբրոյանը հենց այդ պահին դիմել է փախուստի, հետեւաբար ոչինչ չի հյատնաբերվել: «Այնուհետեւ՝ ժամը 6-ին ներկայացել է ոստիկանության՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ոչնչից տեղյակ չի եղել»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Ավգուստին Աբրոյանը Արմեն Աբրոյանի եղբայրն է: iLur.am-ի տեղեկություններով՝ Արմեն Աբրոյանը հանդիսանում է Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետը, իսկ գործը քննում է քննիչ Դավիթ Թորոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘«Ճանապարհ». Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժել է «ԱՈՒՄ Սինրիկյո» աղանդի առաջնորդի միջնորդությունը’