‘Կաշառք ստանալու և քաղաքացուն ծեծելու համար ոստիկանության մայոր է կալանավորվել’

1039

Ինչպես հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, մայոր Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղաքացի. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:

Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով: Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև մինչև 100 000 դրամի սահմաններում գումար:

Ըստ հատուկ քննչական ծառայության, կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 և 311 հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախորդ հոդվածը‘Երեւանի Կենտրոնում վթարի հետեւանքով առաջացած հոսանքազրկումը կվերականգնվի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի դաշնակցական թեկնածուն բողոքարկում է քվեարկության արդյունքները’