«Կապիկի ծաղիկ» է հայտնաբերվել արդեն 14 երկրներում

360

Իսրայելում և Շվեյցարիայում հաստատվել են «կապիկի ծաղիկով» վարակվելու առաջին դեպքերը։ Երկրների ընդհանուր թիվը, որտեղ հայտնաբերվել է այդ հիվանդությունը, արդեն հասել է 14-ի։

 Թե Իսրայելում և թե Շվեյցարիայում վարակվածները վերջերս են վերադարձել արտասահմանից։

Կապկի ծաղիկը ամենից ավելի հաճախ հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներում։ Այդ տարածաշրջանից դուրս դրա հարուցիչները տեղափոխում են այնտեղ եղած մարդիկ և կենդանիները։

Հիվանդության բռնկումներ են իրենց տարածքներում արձանագրել ԱՄՆ-ի, Կանադայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի և Ավստրալիայի իշխանությունները։

Ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակման մոտավորապես 80 հաստատված դեպք, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է ևս 50 դեպք՝ կապիկի ծաղիկի կասկածանքով, սակայն չի նշում, թե ո՛ր երկրներում են դրանք արձանագրվել։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ վարակվածների թիվը կմեծանա։

Գիտնականները նման բռնկում չէին սպասում, սակայն նշում են, որ կապիկի ծաղիկը դժվար է փոխանցվում մարդուց մարդուն։ Բրիտանացի բժիշկ Սյուզան Հոփքինսի ասելով՝ թեև կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ չկա, մի քանի երկրներում սովորական ծաղիկի դեմ պատվաստանյութերի պաշար են տեսնում, որոնք վարակը կկանխեն մոտավորապես 85 տոկոսով։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըՀետախուզությունը հաղորդել է «ռուսաստանցի նեոնացիստների» մասին
Հաջորդ հոդվածը«Առողջություն՝ հանուն խաղաղության, և խաղաղություն՝ հանուն առողջության»