‘Կապկազ թամաշա, կամ Ռուսիո ֆրակավոր որդեգիրը ‘

2145

Ո՞նց ասեմ…

Նո՞ւ.

«Երկու տիրոջ ծառա»—
Համ է՛ս, համ է՛ն:

Եղիշե Չարենց

«Կապկազ Թամաշա»

Եւ այսպես` Ռուսիո որդեգիրների` ֆրակ հագնելու չորսամյա տառապանքն ու Կապկազ թամաշան վերադարձան իրենց շրջանին: Խնամքով նախաձեռնած, թատերականացված դասականությունը, «վատիկանյան ներշնչանքն ու բարձր գեղագիտությունը» մի քանի րոպեում փոխարինվեցին հին, գաղջ սովորականությամբ, և խոսքի ու գործի խզումը հերթական գլորման վեմը դարձավ միաժամանակ ռուսական «բուշլատ-վալինկաներով» ու եվրոպական ֆրակով պոդիումի վրա կանգնածի համար:

Մի բան միայն այնքան էլ պարզ չէ. ինչո՞ւ է այդչափ սրտնեղած «Մոդայիկ դատավճռի» եվրոպական կողմը: Ինչ է` չգիտեի՞ն, որ իրականում գեղջուկ տրեխավորի քաղաքականությունը տարազավորվում է սոսկ իշխանության թամբին կենդանի մնալու «շուստրի արվեստայնությամբ»:

Կամ` նորությո՞ւն էր, որ նա, ում հիմա բզկտում են երկու կողմից, երբեք և երբևէ չի՛ ներկայացրել ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ հայ ժողովրդին: Ուրեմն, ինչո՞ւ է այսքան հաճախ հոլովվում Հայաստան անունը:

«Հայաստանը 180 աստիճանով շրջադարձ կատարեց»,«Հայաստանը արգելափակեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը»,«Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություններ է ակնկալում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի որոշման կապակցությամբ». վերջին երկու օրերին Եվրոպայից մեզ հասնող գլխագրերն ու հաղորդագրությունները հիմնականում այսպիսի՛ բովանդակություն են ունենում, և ուզես թե չուզես, նույնիսկ եթե ամբողջ էությամբ ես դեմ ռուսական քրոմե սապոգի տակ ճմռթվելուն, չես կարող չնկատել, որ ցայսօր մարտի 1-ի արյան աղաղակի առջև խուլ լինելն ու այստեղ գործուղված «եվրոյոնջաների»` Կապկազ թամաշին մասնակից լինելը, ԵԽ-ի սենյակներում դավիթհարությունյանական սուջուխ-բաստուրման կոնյակ-լավաշով վայելելը հատկապես այս կանխատեսելի արդյունքին պիտի հանգեցնեին:

Որտե՞ղ մնաց, ուրեմն, Հայաստանը: Հանդիսատեսի կարգավիճակով, չէ՞: Իսկ ինչո՞ւ: Դե որովհետև անգամ միջնադարում բոլորը գիտեին, որ թամաշան կազմակերպում էր ոչ թե հանդիսատեսը, այլ ինքը` Աշուղը: Որպես կանոն` թամաշան հենց նրա ու իր աշակերտների «մաստեր կլասի» ցուցադրությունն էր, և հանրությունը միայն վերջին պահին և սոսկ որպես հանդիսատես էր մասնակցում գործընթացին:

Եւ եթե այդպես է` Հայաստանի հե՞տ ինչ գործ ունեք: Մանավանդ` մեզանում առնվազն տասնվեց տարի բեմադրվող թամաշեքի և ոչ մի արարին ծափահարողներ չկան: Մտածող մարդը, ում դուք, իբր, երկուստեք եք փնտրում, այստեղ հավասարապես է արհամարհում ե՛ւ ռուսական արջի «պրոլետախորժակը», ե՛ւ թրիքի մեջ եվրոպացի «հունցող» ձեր կրկնակոշկի ոսկեզօծության աստիճանը: Մոնիթորինգ եք անում, մոնիթորինգ եք վեր առնում. ե՛րբ, ինչո՛ւ, ինչպիսի՛ արդյունքով` իմացո՞ղն ով է:

Հասկանում ենք. ամոթից գետինը պիտի մտնեինք միայն այն բանից, որ ցայսօր հանդուրժում ենք ե՛ւ էս թամաշան, ե՛ւ հանդիսատեսի մեր կարգավիճակը, բայց չէ՞ որ նույնիսկ սա` դեռ վերջը չէ, և ոչ ոք Հայաստանից դուրս ու հայաստանակենտրոնությունից խզված` չի՛ կարող մինչև վերջ հաշվարկել հանրային լարման նկատմաբ իր ուժերի համարժեքության աստիճանը: Հո չե՞ք գնդակահարելու մի ամբողջ ժողովրդի, sorry, извините!…

Այնպես որ` եվրոպական ֆրակով Ռուսիո որդեգիր դարձած Աշուղը, որ անգամ ինքն իր համար է դարձել անհամոզիչ , պիտի իր թամաշով հանդերձ` հեռանա մեջտեղից: Ու մինչև դուք կմտածեք` նրա դեպքում товарищ սմերչն է վտանգավոր, թե madam գիլյոտինը, վախենամ` պինդ ընկուզենուց սարքած մեր հովվական մահակը ավելի շուտ գործի դրվի: 

Համենայն դեպս, պարզից էլ պարզ է, որ այսօր եթե օրակարգում մի հարց կա, դա հենց Հայաստանը հայաստանցուն վերադարձնելու խնդիրն է, ոչ թե դեպի այսուայնկողմ գնալը: Այ` երբ որ դա իրողություն դառնա, այդ ժամանակ էլ ընտրված նախագահի հետ միասին կորոշե՛նք` ֆրակ ենք հագնո՞ւմ, վալինկա՞, թե  ինչ:

Էնպես որ`

Վախտը չի լացի, կոծի, ֆրակի,

Սոցիալիզմի, ուշացած աղոթքի…

Մեկել-մեկել չկա՛:

 

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարելի էր պատրաստել ընդամենը հինգ րոպեում. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Աշխատանք Իտալիայի ազգային հավաքականո՞ւմ, ես ուրախ եմ Թուրինում ‘