‘Կառավարության «եվրոմեղրից» այծի պանրի հոտ է գալիս’

1324

Վերջին շաբաթներին պաշտոնական լրահոսում առավել շատ հայտնվող թեմաներից մեկն այն էր, որ կառավարությունը «կանաչ լույս է վառում» դեպի Եվրոպա հայկական մեղրի ճանապարհին, եւ որ մի քանի ձեւականությունների հաղթահարումից հետո մոտ ապագայում հայկական մեղրը մեծ թափով կներխուժի եվրոպական շուկա:
Կառավարության վերջին նիստում էլ Գործադիրը սահմանեց Հայաստանից Եվրամիության երկրներ մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից:  

Այն, որ հայկական մեղրը որակի առումով կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում, կարելի է հավաստի համարել, սակայն հարց է՝ արդյո՞ք մեղրի արտահանման ծավալները կարող են հասնել այն մակարդակի, որպեսզի դրանից ստացված օգուտը համեմատելի լինի այն ոգեւորության հետ, որով ներկայացվում է դեպի Եվրոպա մեղրի արտահանման հեռանկարը:

Վերջին նախնական տվյալներով, որն այս տարվա սեպտեմբերին ներկայացրել է «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը,  Հայաստանում այս տարի արտադրվել է 100 տոննայից ոչ ավելի մեղր: Ընդ որում՝ մեղրի արտադրության միտումները տարեցտարի նվազում են: Ըստ Թելման Նազարյանի՝ արտադրման ծավալները շուրջ տասն անգամ նվազել են՝ նախորդ տարիների համեմատությամբ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահանվում է արտադրվող մեղրի շուրջ 20 տոկոսը: Այսպես, 2011-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 18,1 տոննա մեղր՝ 111 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Ակնհայտ է, որ մեղրի արտադրության ծավալներն առնվազն տեսանելի ապագայում չեն կարող հասնել այնպիսի ծավալների, որպեսզի դրա արտահանումը շոշափելի լինի արտահանման տեսակարար կշռի մեջ: Այլ կերպ ասած՝ «հայկական մեղրը Եվրոպայում» կարգախոսը կարելի է Տիգրան Սարգսյանի կառավարության՝ «այծի պանիրը՝ հայկական բրենդ» շարքին դասել:  Քչերն այսօր կարող են հիշել, որ դեռեւս 2009-ից կառավարությունը, Սերժ Սարգսյանի հրահանգով, ձեռնամուխ էր եղել հայկական այծի պանիրը միջազգային բրենդ դարձնելու «խիստ հեռանկարային» գործին: 

Մյուս կողմից, հնարավոր է, որ մեղրի եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման դեպքում արտահանման ծավալների որոշակի աճ գրանցվի ներքին սպառման շուկայի հաշվին: Այդ դեպքում տեղի կունենա այն, ինչ եղավ մի քանի տարի առաջ ոչխարի մսի շուկայում, երբ ոչխարի միսը բարձր գնով դեպի Իրան արտահանելու մղումը ներքին շուկայում սուր դեֆիցիտ, հետեւաբար նաեւ՝ գների շեշտակի աճ առաջացրեց: 

  

Նախորդ հոդվածը‘Իտալիայում վախճանված նացիստի ընտանիքը կորցրել է նրա դիակը’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի իշխանությունները փնտրում են իմաստունի երազում հայտնված գանձը’