‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’

1114

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Հովիկ Աբրահամյանը: Ներկայացնում ենք նիստի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունը: Հարկ եղած դեպքում կառավարության առանձին որոշումներին կանդրադառնանք ավելի ուշ:

Կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով: Դրա շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով: Հաջորդ որոշմամբ հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվի տնտեսվարող սուբյեկտների ծախսը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նշված գործընթացների պարզեցումը և հանձնարարել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը:

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Աջակցություն է ստանում սոցիալական պաշտպանության ոլորտը

 

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված մեկ այլ պայմանագրով կապահովվի «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի իրականացումը մինչև 2015թ. մարտի 31-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ է ձեռք բերել այլ ապրանքատեսակներ, որոնք ներառված չեն ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված հավելվածներում: Գործադիրը լրացում է կատարել նշված որոշման մեջ՝ նախարարությանը հնարավորություն ընձեռելով ձեռք բերել այլ ապրանքատեսակներ:

Խրախուսվում է արտադրանքի արտահանումը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝

-պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 ծրագիրը և միջոցառումների ցանկը,

-«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը,

-Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը,

-գնումների համակարգողի որակավորման շնորհման, գնումների որակավորված մասնագետների մշտական մասնագիտական վերապատրաստման կարգերը,

-լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները:

Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ջերմոցային տնտեսության զարգացման համար

Նիստում հավանության է արժանացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ԱԱՀ-ից:

Կառավարությունը քննարկել է «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացումը) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Գործադիրը նպատակահարմար չի համարել սույն օրինագծի քննարկումը և ընդունումը:

ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, առաջարկվում է «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Հայոց ցեղասպանություն» բառերով, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրը (1948թ.) սահմանել որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր: ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվող անձանց շրջանակը՝ ներառելով օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում: Կառավարությունն այս դեպքում նույնպես որևէ առարկություն չի ներկայացրել:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության որոշմամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ՀՀ բիաթլոնի ազգային հավաքական թիմի անդամ Գեորգի Խաչատուրովին:   

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Տրամադրվում են անվճար դեղեր’