‘Կառավարության «օժանդակությունը» մոծակի խայթոցի պես բան էր. Մամուլ’

1105

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Ինչպիսի՞ն է վիճակը Արմավիրի մարզում, ժողովուրդը զգացե՞լ է մեր օժանդակությունը»:

«ՉԻ»- Տիգրան Սարգսյանի հարցադրումը զարմանալիորեն անկեղծ է: Նա չի հարցնում՝ կառավարության օժանդակությունը որևէ հարց լուծե՞լ է, թե ոչ, նա հարցնում է՝ ժողովուրդը գոնե զգացե՞լ է, որ մենք իրենց օգնել ենք, թե՞ չի զգացել: Եւ շատ ճիշտ է անում, որ հենց այդպես է դնում հարցը: Վերջին հաշվով՝ կառավարության «օժանդակությունը» մոծակի խայթոցի պես բան էր. մեկը կարող էր զգալ, մի ուրիշը՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնել:

Իսկ ընդհանրապես՝ ավելի ճիշտ կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հավաքեր նախարարներին  ու հարցներ. «Ժողովուրդը զգո՞ւմ է, որ Հայաստանում իշխանություններ կան»: Այդ դեպքում պատասխանը միանշանակ կլիներ՝ իհարկե զգում է, ընդ որում՝ սեփական մաշկի վրա: Եւ ամեն կերպ ձգտում է ազատվել այդ տհաճ զգացողությունից: Ճիշտ այնպես, ինչպես մոծակներից են փորձում ազատվել:

Նախորդ հոդվածը‘Հրաձգություն Կապիտոլումի բլրում. կասկածյալ կինն սպանվել է’
Հաջորդ հոդվածը‘Մարկ Բարտրա. Տատան ինձ վստահում է և ասաց, որ չի գնի նոր պաշտպան’