‘Կառավարությունը առաջարկում է փոփոխել երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափը (ամբողջական ցանկ)’

2768

Ինչպես արդեն հաղորդել էինք, կառավարության այսօր կայանալիք արտահերթ նիստի օրակարգում է երթևեկության կանոնների որոշ խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Քառյակի օրերս ներկայացրած 12 պահանջներից մեկում նույնպես անդրադարձ կա այս հարցին:

Նախ ներկայացնենք կառավարության առաջարկած փոփոխություններից ամենաէականները: Գործադիրը առաջարկում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքը սահմանել այնպես, որ յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդը տուգանվի հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ: Նշենք, որ գործող օրենքով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք:

Այս փոփոխությունները վերաբերում են մինչև 30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում: Իսկ 31 կմ/ժամից կառավարությունը առաջարկում  է տուգանքների զգալի ավելացում: Այսպես՝ եթե նախկինում 51 կմ/ժ-ով և ավելի արագությունը գերազանցելը պատժվում էր նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, ապա այժմ տուգանքները առաջարկվում է հասցնել երկուհարյուրապատիկի:

Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող օրենքի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով:

Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները:

Այսպես օրինակ, եթե նախկինում բջջային հեռախոսով խոսալու համար վարորդը կտուգանվեր 3000 դրամով, ապա եթե առաջարկվող օրինագիծը ընդունվի տուգանքը կդառնա 5000 դրամ:

Նաև նախատեսվում է բարձրացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար տուգանքի չափը:

Ստորև ներկայանում ենք կառավարության առաջարկած բոլոր փոփոխությունները և ներկայումս գործող օրենքի դրույթնըերը:

 

Առաջարկ՝

Տրանuպորտային միջոցների երթևեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող գծանշումների չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով».

Այժմ՝

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առաջարկ՝

Օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ 11-րդ մասում «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

Այժմ՝

Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

 

Առաջարկ՝

Օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ 24-րդ մասում «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը՝» բառերը.

Այժմ՝

Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առաջարկ՝

25-րդ մասից հանել «, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաև «տասնապատիկի» բառը փոխարինել «hնգապատիկի» բառով.

Այժմ՝

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի), ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առաջարկ՝

26-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.

Այժմ՝

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առաջարկ՝

28-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթապատիկի» բառով:

Այժմ.

Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Առաջարկ՝

Երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:

Այժմ՝

Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առաջարկ՝

Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Այժմ՝

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Առաջարկ՝

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Այժմ՝

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Առաջարկ՝

Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժով և ավելի գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Այժմ՝

Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

Առաջարկ՝

Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:

Այժմ՝

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

(iLur.am — Չորրորդ մաս. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը)

 

Առաջարկ՝

Օրենսգրքի 128-րդ հոդվածի՝ 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով» բառերը, ինչպես նաև «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.

Այժմ՝

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Առաջարկ՝

4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «ՈՒժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաև «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Այժմ՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Առաջարկ՝

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Uույն հոդվածի առաջինից չորրորդ մաuերով նախատեuված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում երրորդ և ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար uահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:

Այժմ՝

Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու

իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առաջարկ՝

Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Այժմ՝

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Առաջարկ՝

Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ:»:

Այժմ՝

Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ:

Առաջաարկ՝

Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:

Այժմ՝

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:

Սույն oրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 60 oրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս. ՉԻ’
Հաջորդ հոդվածը‘ Վրացական ԶԼՄ. Ս.Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան. Հայկական կողմը դեռ լուռ է ‘