‘Կառավարությունը առաջիկա նիստին անհատույց տարածք կտրամադրի «Սեքյուրիթի Դրիմ»-ին, որն առանց այդ էլ մեծ շահույթներ ունի ‘

1633

Հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում որոշում է ընդունվելու ՀՀ  ոստիկանությանն ամրակցված Երեւան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող 1100 քառ. մետր հողատարածքը անհատույց տրամադրել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Խոսքն այն ընկերության մասին է, որը  տեղադրում եւ սպասարկում արագաչափ սարքերն ու տեսախցիկները:

Ըստ պաշտոնական հիմնավորման, ներկայում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը հատկացված տարածքը չի բավարարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար, «քանի որ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաեւ խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակը եւ հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը»:

Նշենք, որ այս ընկերության հետ կապված բավականին լուրջ արձագանքներ են եղել մամուլում: Մասնավորապես, մամուլում հարցեր են հնչեցվել, որ տարօրինակ է, թե ինչու է ոստկանությունը 25 տարվա պայմանագիր կնքել հենց այդ ընկերության հետ, որը ի հայտ էր եկել միայն վերջերս: «168 ժամ»-ն օրինակ գրել էր, որ համաձայն շրջանառվող լուրերի` որպես փոխհատուցում` «Սեքյուրիթի Դրիմը» ստանալու է համակարգի ապահոված եկամուտների 50%-ը: «Այսինքն` ստացվում է, որ ըստ այդ գործարքի` քաղաքացիներից ստացված տուգանքների ուղիղ 50%-ը պետք է տրվի ընկերությանը` ներդրված գումարը կարճ ժամանակամիջոցում հետ ստանալու նպատակով»:  Այնինչ, պարզվել է, որ իրականում ընկերությունը ստանում է գումարի 70 տոկոսը: Այսպես օրինակ՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը անցած տարվա նոյեմբերին ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ 2011-ի դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով՝ կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում։ Կայացված որոշումներով, վարորդներից գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ։ Ահարոնյանը պարզաբանել էր, որ այդ գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը։

Նախորդ հոդվածը‘iLur.am-ը արդեն հասանելի է Twitter-ում’
Հաջորդ հոդվածը‘Վ.Հովհաննիսյան. Պետք է ցույց տալ, որ Սաակաշվիլիին այստեղ ոչ ոք չի սպասում’