‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ-ի ներկայացրած նախագծին ‘

880

Այսօր կառավարության նիստում արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանն ընթերցեց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ներկայացրած օրինագծի բացասական եզրակացությունը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, նախագիծը մերժելու հիմնավորումն այն է, որ անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց՝ գործող ընտրակարգի համեմատ:

Հիշեցնենք, որ խմբակցության անդամներն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին ՀՀ ընտրական օրենսգրքում, «ԱԺ կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ:

«Հայաստանի Հանրապետությունում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը՝ համամասնականին զուգահեռ, հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաև, որ պառլամետնական մեծամասնություն կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակի նկատմամբ», — նշեց Մուրադյանը:

Ըստ նրա՝ մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որևէ կուսակցությանը հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով:

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին ‘