‘Կառավարությունը Երեւանի կենտրոնի մի շարք տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչել’

1433

ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ: Հաջորդ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Հույժ արդիական հանելուկ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրինի գործողությունները’