‘Կառավարությունը հաստատել է ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագիրը’

916

Կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:

Զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: 

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: Հյուսիսային մաքսակետերի նորոգման և մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ԱՄՆ դեսպան. Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել’