‘Կառավարությունը մերժել է Հայաստանի տարածքում արտարժութային վարկերը արգելելու մասին Բագրատյանի նախաձեռնությունը’

848

Այսօր ՀՀ կառավարությունը քննարկել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաև «Արտարժույթի մասին» օրենքի նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, առաջին երկու օրինագծով առաջարկվում է 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանի տարածքում արգելել արտարժութային վարկերը` ելնելով տնտեսվարող սուբյեկտների` տնտեսավարման հավասար դաշտում գործելու, ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու, միջազգային պահուստները խնայելու անհրաժեշտությունից, իսկ երրորդով` արգելել արտարժութային գները: Գործադիրը, վկայակոչելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը, հիշեցրել է, որ դրա համաձայն ՀՀ  տարածքում վարկերը տրամադրվում են միայն դրամով, իսկ արտարժույթով` հիմնականում միայն բիզնես վարկերը:

Բացի այդ, նշված օրենքը սահմանել է այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը, ուստի կառավարությունն այս փուլում նպատակահարմար չի համարում ներկայացված օրինագծերի ընդունումը: Նախաձեռնության վերաբերյալ բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հանդիպել են Սարգսյանն ու Ապատուրայը’
Հաջորդ հոդվածը‘2013-ի 10 լավագույն ֆիլմերը՝ Քվենտին Տարանտինոյի կարծիքով’