‘Կառավարությունը ՄԻԵԴ-ի վճռով վեց հազար եվրո փոխհատուցում կտա ՀՀ քաղաքացուն ‘

1313

Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով փոխհատուցում կվճարի ՀՀ քաղաքացի Վարդան Մինասյանին: Ինն ամսում գործադիր մարմինը 6 հազար 030 եվրոյին համարժեք գումար կփոխանցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» ապրիլի 8-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը` ՀՀ քաղաքացի Վարդան Մինասյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Վարդան Մինասյանը միառժամանակ անօրինական կալանքի տակ է եղել: Այս գործով նախաքննության ավարտին Վարդան Մինասյանը որոշ ժամանակ անհիմն պահվել է բանտում՝ առանց դատարանի որոշման, Վերաքննիչը հրաժարվել է նրա բողոքը քննել, Վճռաբեկը վարույթն ընդունել է, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց՝ բողոքը մերժել է: Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող ամայի մի տարածքում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 36-ամյա մի տղամարդ, մի քանի հոգի վիրավորվել էին։ Վարդան Մինասյանը ձերբակալվել է այդ անձին սպանելու կասկածանքով, և ինը ամսից ավելի կալանավորված է եղել սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։ Կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգել են, բայց հետո հերքվել է այդ սպանությանը նրա առնչությունը, և Վարդան Մինասյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելով վիրավորներից մեկին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: 

Նախորդ հոդվածը‘Բաղդասարովի գույքը պետականացվեց’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տան փլուզման հետևանքով մարդ է զոհվել’