‘Կառավարությունը չի առարկում. ԶԼՄ-ների հեղինակային իրավունքներն պաշտպանող օրինագիծը կուղարկվի ԱԺ ‘

1144

ՀՀ կառավարությունն սկզբունքային առարկություններ չի ներկայացրել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ արտահերթ նստաշրջանին ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։

Mediamax.am-ի փոխանցմամբ, ըստ օրինագծի, նախատեսվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի նյութերից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում` հղում կատարելով հոդվածի սկզբնաղբյուրին։

Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման դեպքում վնասի հատուցումը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 200-ապատիկը:

Նախատեսվում է նաև, որ լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում է հեղինակային պայմանագրով:

Ըստ նախնական տեղեկությունների, օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովում աշնանային նստաշրջանի ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքի մարզում սգո արարողության ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. կա 12 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ էին արձանագրել բանկոմատների տեսախցիկները (տեսանյութ)’