‘Կառավարությունը փորձում է լուծել անշարժ գույքի շուկայում առկա խնդիրները’

1093

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը, հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

«Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, և այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը, — ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ — Մենք պայմանավորվեցինք, որ մի այդպիսի խորհրդակցություն անցկացնենք։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն բանին, որ միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, և խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։ Հիմա մեր առջև խնդիր է դրված, որ հասկանանք` ինչ է կատարվում այս բնագավառում, և ինչպես այս խնդիրը լուծենք։ Մի կողմից` երևի առևտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետև նաև մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։ Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել»։ 

Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` վարչապետն առաջարկել է ուսումնասիրել, թե կա մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։ 

Նախորդ հոդվածը‘Միքայել Մինասյանի նշանակումը եւ հետեւանքները. Հայաստանի կոռուպցիոն համակարգի նոր դրսեւորման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսում են Skype-ը’