‘Կառավարությունը և ԱԺ հանձնաժողովը հավանություն են տվել ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը’

894

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Դրական եզրակացություն էր տվել նաև ՀՀ կառավարությունը: Համաձայն ներկայացվող օրենքի նախագծի` համապատասխան բիզնես ծրագրի շրջանակներում ԱԱՀ-ի 3 տարվա հետաձգման ռեժիմի սահմանումը ՀՀ կառավարության կողմից կվերաբերի ոչ թե գործող 300մլն. դրամ և ավելի, այլ 200մլն. դրամից ավելի ապրանքային ծավալների ներկրմանը:

Այսպիսով, վերոհիշյալ շեմի մեկ երրորդով իջեցումը լուրջ աջակցություն կլինի այն ձեռնարկատերերին, որոնք այսուհետ արտոնյալ պայմաններում կհայտնվեն ոչ թե գործող 800հազ., այլ 500հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումների դեպքում:

Սա ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման կարևոր լուծումներից է: Ինչպես նշել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ Միքայել Մելքումյանը, ՀՀ տնտեսության ետճգնաժամային ներկա փուլում այս քայլը պետք է ունենա հետագա շարունակություն, այն է` պետք է առնվազն 90 օրով հետաձգել ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա:

Նախորդ հոդվածը‘Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց Սիրիայի հարցով ‘