‘Կառլես Պույոլ. «Ես չէի ուզում հեռանալ, բայց ծունկս ասաց՝ ժամանակն է» ‘

1494

Կառլես Պույոլը 15  տարի է՝ բարձրակարգ ֆուտբոլ է ցույց տալիս «Բարսելոնա»-ում, որի կազմում նա  նվաճել է բոլոր հնարավոր ակումբային ֆուտբոլային տիտղոսները: Գրեթե նույնքան երկար նա գտնվել է Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանությունում՝ նվաճելով աշխարհի գավաթը և դառնալով Եվրոպայի չեմպիոն: Սակայն ծնկի հետ կապված մշտական խնդիրներն արեցին իրենց գործը և ստիպեցին շատ կարևոր ու դժվար որոշում ընդունել. կենտրոնական պաշտպանը կախեց իր մարզակոշիկները մեխից:

Լինելով բոլոր ժամանակների ամենահաջողակ թիմերից մեկի առանցքային խաղացողը՝  նրա միջոցով կարել է խոսել նաև «կարմիր ֆուրիայի» «ոսկե դարաշրջանի» ավարտի մասին: Հիմա արդեն վերականգնման ժամանակահատվածն է, որը, անկասկած, կվերացնի նաև ԱԱ-2014-ի բոլոր թերությունները: Եվ հենց այս ֆուտբոլիստն էր, որ  գործող չեմպիոնների  անունից Բրազիլիա վերադարձրեց ՖԻՖԱ-ի նշանավոր տիտղոսը՝ Աշխարհի գավաթը: Կառլես Պույոլի հետ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում տեղադրված հարցազրույցը ֆուտբոլիստի ընդունած դժվարին որոշման, «կարմիր ֆուրիայի» ապագայի, ինչպես նաև «Բարսելոնայում» իր կարիերայի հաջորդ էտապի մասին: Ներկայացնում ենք այն թարգմանաբար:

– Ինչպե՞ս կբացատրեք Իսպանիայի հավաքականի այդքան անգույն ելույթները Բրազիլիայի աշխարհի առաջնությունում, որը դարձավ մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը:

– Սա ավելի շուտ դարձավ բացառություն բոլոր оրենքներից, թեև այդ մրցաշարի հետ ողջ Իսպանիան էր մեծ հույսեր կապում: Ինքս ստիպված էի այդ ամենին կողքից նայել, դա ավելի ցավեցնող էր, քանի որ ես չէի կարող թիմում լինել և ինձ լիովին անоգնական էի զգում: Ամեն ինչ որոշեցին մանրուքները: Հոլանդիայի հետ առաջին խաղում մենք հեշտորեն կարող էինք  առաջ անցնել 2:0 հաշվով, սակայն արդյունքում հաշիվը հավասարեցրին հոլանդացիները: Ընդմիջումից հետո հակառակորդը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց, բայց, պետք է կրկնեմ, եթե մենք այն գնդակը խփեինք, ապա կլիներ բոլորովին ուրիշ պատմություն: Իսկ երբ դու այդպիսի խոշոր հաշվով պարտություն ես կրում (1:5), միշտ էլ դժվար է հավաքվելը և հաջորդ խաղին տրամադրվելը: Այդ պատճառով  էլ մենք չկարողացանք դիմակայել Չիլիի հավաքականին, մի թիմ, որ բարձրակարգ ֆուտբոլ էր ցույց տալիս ողջ մրցաշարի ընթացքում:

Ես  չեմ կարծում, որ կային մոտիվացիայի հետ կապված խնդիրներ: Ի՞նչը կարող է լինել ավելի շահագրգռող, քան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը: Ոչ ոք  ֆուտբոլիստներից ավելի շատ չի ուզում հաղթել, սակայն երբեմն ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես նախատեսում ես: Բացի այս ամենից, շատ ֆուտբոլիստներ մրցաշարի էին մեկնել վնասվածքներով, մի մասն էլ անցկացրել էր անչափ դժվարին մրցաշրջան: Այս հանգամանքները նույնպես իրենց դերն ունեցան: 

– Շատերը կարծում են, որ սա համաշխարհային ֆուտբոլում իսպանական դարաշրջանի ավարտն է: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի Իսպանիան կրկին առաջատարի դիրքերում լինի:
– Ես հեղափոխությունների կողմնակից չեմ: Բայց շատ ֆուտբոլային մարդիկ պահանջում են կտրուկ փոփոխություններ կատարել, նույնիսկ, եթե բոլոր հաղթանակներն ունեցող թիմը չի հաղթել մեկ տարվա ընթացքում: Ես կարծում եմ, որ պետք է որոշիչ լինի նախորդ հաղթանակների փորձը: Իսկ բոլոր տեսակի վերակառուցումները պետք է զուսպ լինեն և չդիպչեն այն ամենին, ինչ արդեն կառուցված է: Ինչպես մենք ասում ենք Կատալոնիայում՝ պետք է առողջ բանականությամբ առաջնորդվենք: Մենք շատ ունենք հրաշալի, վարպետ ֆուտբոլիստներ, և եթե նրանք դեռ կարող են խաղալ, ուրեմն պետք է հնարավորություն տալ: Մարզիչը պետք է կարողանա որոշել նրանց ապագան՝ չընդունելով հապճեպ որոշումներ: Ես, նախկինի պես, այսоրվա ընտրանին համարում եմ շատ ուժեղ և մտածում եմ, որ նրա կազմում մոտ ապագայում կտեսնենք երիտասարդ ու շնորհալի շատ ֆուտբոլիստների: Իսկ հիմա մեզ մնում է դիմակայել հարվածներին, մտածել ապագայի մասին և սովորել սխալներից:
– Ձեզ համար նույնպես ֆուտբոլային դարաշրջանն իր ավարտին հասավ այն բանից հետո, երբ որոշեցիք ավարտել ձեր ֆուտբոլային կարիերան: Ինչպե՞ս հանգեցիք այդ որոշմանը:
– Վերջին երկու մրցաշրջանի ընթացում ես իսկապես հոգնեցի: Երկու վիրահատություն եմ տարել, ընդունել եմ տարբեր դեղամիջոցներ, բայց ծունկս ասաց՝ «բավական է»: Ընդհանրապես, իմ կարիիերայի ավարտի մասին որոշումը շատ ճիշտ էր, թեև այն շատ դժվարությամբ ընդունեցի: Ցավալի է, երբ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում, հատկապես, երբ սովոր ես քեզ 100 տոկոսով ներդնելու խաղում: Դու տխրում ես, չարանում և քեզ անоգնական զգում: Դու շատ ես ցանկանում, բայց չես կարողանում: Եվ, ի վերջո, պետք է անկեղծ լինես ինքդ քեզ և քո շրջապատի հետ: Ես հատուցեցի իմ չափազանց ինքնազոհողության համար վնասվածքներով և շարքից դուրս եկած ծնկով: Հիմա ես հերթական բուժման կուրսն եմ անցնում և կամաց-կամաց սկսում եմ վերադառնալ սովորական կյանք:

– Սեպտեմբերին ձեր կարիերան «Բարսելոնա»-ում նոր փուլ կթևակոխի. դուք կաշխատեք տեխնիկական դեպարտամենում: Կկարողանա՞ք կատարել այդ գործառույթը:
– Շատերը կարծում են, որ ես պետք է մարզիչ դառնամ, բայց ինձ այդ գործը չի հրապուրում: Տեսականորեն՝ ես շատ կուզենայի խաղալ, բայց իմ ժամանակն անցել է: Հիմա ես պետք է գտնեմ իմ գործը և երախտապարտ եմ «Բարսելոնա»-ին ինձ տված հնարավորության համար: Ես ուսումնառության շրջան կանցնեմ, որի ընթացքում պատասխանատու չեմ լինի որևէ որոշման համար: Իհարկե, գուցեև բախվեմ տարբեր կենսական նշանակություն ունեցող իրադրությունների հետ, սակայն հույս ունեմ, որ կկարողանամ կիրառել այն ամենը, ինչ ինձ սովորեցրել է մեծահասակների ֆուտբոլը վերջին 19 տարվա ընթացքում:
– Թեև դուք դեռևս ոչ մի կապ չունեք նռնակապտագույնների տրանսֆերների հետ, կցանկանայինք լսել ձեր կարծիքը Լուիս Սուարեսի մասին՝ չանդրադառնալով Բրազիլիայում տեղի ունեցածին, ինչպես նաև ձեր տեղում կենտրոնական պաշտպանի որոնումներին:
– Չկա արդարացում այն բանի, ինչ արել է Սուարեսը: Բայց նման բաներ պատահում են, երբ գլուխդ կորցնում ես: Համենայն դեպս, նա ներողություն է խնդրել իր արարքի համար: Սուարեսը հոյակապ ֆուտբոլիստ է, ով հիանալի պայքարում է և շատ գոլեր խփում: Նա շատ բան կարող է տալ մեր հարձակման գծին, որտեղ արդեն հավաքված են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Լուիս Սուարեսի հետ «Բարսելոնան» ավելի կհզորանա:
Իսկ ինչ վերաբերում է պաշտպանությանը, որոշ ժամանակ է, ինչ «Բարսելոնան» փնտրում է կենտրոնական պաշտպանների: Մյուս կողմից, դա այդքան էլ հեշտ չէ, մանավանդ մեր ակումբի համար՝ նկատի ունենալով խաղաոճը: «Բարսելոնային» ճանաչելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է տիրապետել նաև նրա տեխնիկային և տուգանայինից գնդակով դուրս գալու ունակությանը: Դա էլ է դեռ քիչ, անհրաժեշտ է ոտքերով խաղալ կարողանալ. չէ՞ որ կապտանռնագույնների պաշտպանությունը իր դարպասների վրա «նստած» չէ: Լինում են դեպքեր, երբ դու հետ ես նայում և տեսնում ես, թե որքան հեռուն ես գնացել, այդ ժամանակ գլուխդ պտտվում է:

«Բարսելոնա»- ի համար նույնպես փոփոխությունների ժամանակ է՝ հեռանում են մեծագույն խաղացողներ, նրանց մեջ են նաև երկու ավագները՝ դուք և Վիկտոր Վալդեսը: Ինչպե՞ս է ակումբը հաղթահարելու այս փորձությունը:
– Այո, մարդիկ, որոնք «Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլի պատմության մեջ են մտել, հեռանում են: Այդպիսին է կյանքը: Այդպիսի բաներ պատահում են, երբ վնասվածք ես ստանում, ինչպես իմ դեպքում, կամ էլ ցանկություն ունես քո կյանքում փոփոխություններ մտցնելու, ինչպես Վիկտորը: Երբ մենք մեր ժամանակին եկանք այս թիմ, մեր աչքի առաջ նույնպես փոփոխություններ էին կատարվում: Ամեն ինչ իր շրջափուլն ունի, ամեն ինչ կրկնվում է: Կարևորն այն է, որ թիմն իր անհատականությունն ունենա և շարունակի զարգանալ:



Նախորդ հոդվածը‘Air Algerie-ի օդանավը կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’