‘Կառլսենը իր գործն արեց, Կառլսենը կարող է հեռանալ’

983

Հրաշքը տեղի չունեցավ: Որքան էլ հավատում էինք, հույսեր էինք փայփայում, սակայն աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենն այսօրվա դրությամբ ոչ մեկին ոչ մի հույս չի թողնում: Նորվեգիան կարող է հպարտանալ չափից դուրս «երկաթյա»այս շախմատիստով, որը արդեն հասել է բոլոր այն բարձունքներին, որոնք շատերի համար պարզապես երազանք են: Մնացել է աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրի կենտրոնական պարտիայում Կառլսենը հաղթեց Նակամուրային: Ի տարբերություն նախորդ հաղթանակների, այս անգամ Կառլսենը, կարելի է ասել, կայծակնային հաղթանակ տարավ. Նակամուրան որոշեց «չտանջվել» եւ արդեն 31-րդ քայլին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում անձնատուր եղավ:

Միակ շախմատիստը, որը դեռ տեսականորեն կարող էր հասնել Կառլսենին, Լեւոն Արոնյանն էր: Սակայն վերջինս Անիշ Գիրիի հետ պարտիայում հենց սկզբից տհաճ դիրք ստացավ եւ պարտիան 34-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի, ինչը նշանակում էր, որ Կառլսենը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնի կոչումը: Մեր շնորհավորանքները այս հանճարին:

Եթե առաջին տեղի համար հարցը լուծվեց, ապա 2-3-րդ տեղերի համար պայքարը միայն վերջին տուրում հանգուցալուծում կստանա: Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը հաղթեց Էրվին Լ՛Ամիին եւ միավորներով հավասարվեց Արոնյանին:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վեյկ Ան Զեե, 12-րդ տուր

Մագնուս Կարլսեն — Հիկարու Նակամուրա՝ 1:0, Վիշվանաթան Անանդ — Էրվին Լ՛Ամի՝ 1:0, Լյուկ վան Վելի –Ֆաբիանո Կարուանա ՝ 1:0,  Իվան Սոկոլով — Հոու Յիֆան՝ 0:1, Լեւոն Արոնյան — Անիշ Գիրի,  Պետեր Լեկո — Սերգեյ Կարյակին, Պենտալա Հարիկրիշնա — Վան Հաո՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը 12-րդ տուրից  հետո

1. Մագնուս Կարլսեն՝ 9,5; 2-3. Լեւոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ՝ 8; 4-5. Պետեր Լեկո, Սերգեյ Կարյակին՝ 7; 6. Հիկարու Նակամուրա՝ 6,5; 7-8. Պենտալա Հարիկրիշնա, Լյուկ վան Վելի՝ 6; 9. Անիշ Գիրի՝ 5,5; 10-11. Հոու Յիֆան, Վան Հաո՝ 5; 12. Ֆաբիանո Կարուանա՝ 4,5; 13. Էրվին Լ՝Ամի՝ 3,5; 14. Իվան Սոկոլով՝ 2,5:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնաթող սպաները պահանջում են ռազմական ղեկավարության հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է’