‘«Կասկածում եմ, թե գիտության աշխարհը նույնքան երկնագույն կմնա»’

1141

Գիտության ո՞ր ճյուղերն են ավանդաբար համարվում տղամարդկանց մենաշնորհը, և աշխարհի ո՞ր երկրներում են կանայք «մատ անում» տղամարդ գիտնականներին՝ որոշել են պարզել ամերիկյան հետազոտողները:

Չնայած էմանսիպացիայի տարիներին, գիտատեխնիկական առաջընթացին և զարգացած երկրների կառավարությունների ջանքներին՝ գիտությունը շարունակում է մնալ տղամարդկանց գործունեության ոլորտ: Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալներով՝ Եվրոպայի երկրներում գիտության բնագավառում աշխատող կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը 1:2-ի է: Գիտության մեջ սեռերի խնդիրն առկա է  գրեթե հետազոտությունների բոլոր ոլորտներում և բոլոր երկրներում: Բացառություն են միայն այնպիսի բնագավառները, ինչպես՝ բջջային և մոլեկուլային կենսաբանությունը, որտեղ տղամարդիկ և կանայք հավասար համամասնությամբ են, կրթությունը, լեզվագիտությունը և մանկաբարձությունը, որտեղ կանայք մեծ հաջողություններ են գրանցում, ինչպես նաև մի շարք երկրներ, որոնք կարելի է մատների վրա հաշվել:

Ուստի և մեծ գյուտ չեն Ինդիանայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, և որտեղ նրանք հետևել են գենդերային անհավասարությանը գիտության աշխարհում, միևնույն ժամանակ՝ թվարկել այն մի քանի երկրները, որտեղ կին գիտնականներն ավելի շատ են, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները:

Վերլուծելով առարկայական քանակական հրապարակումները՝ գիտնականները, պրոֆեսոր Քասիդի Սուգիմոտոյի ղեկավարությամբ, պարզել են, որ գիտական աշխատանքների հեղինակների մեջ կանանց և տղամարդկան թվի հարաբերակցությունը կազմում է  30 և 70 %, իսկ ինչ վերաբերում է գիտական հոդվածների առաջատար հեղինակներին, ապա յուրաքանչյուր կնոջ, միջին հաշվով «բաժին է ընկնում» երկու տղամարդ: Հետազոտողները քննել են 5,5 մլն հոդված, որոնց հեղինակներն են եղել ավելի քան 27 մլն գիտնականներ՝ 2008-2012 թթ. ընթացքում: Պարզվել է, որ այն գիտական հոդվածները, որոնց հեղինակները կանայք են, միջին հաշվով ավելի հազվադեպ են հիշատակվում (մեջբերումներ արվում), քան տղամարդ հեղինակներինը, իսկ կանանց թիվը գիտության բնագավառում մեծ է այն երկրներում, որտեղ, ըստ էության, հենց գիտությունն է քիչ:

 Գիտության գենդերային քարտեզի վրա, որը կազմել են գիտնականները, երկնագույնը համապատասխանում է տղամարդկանց գերակայությանը, վարդագույնը՝ կանանց:

Ամբողջ աշխարհում գիտնականները հաշվել են ընդամենը հինգ երկիր, որոնցում գիտական հրապարակումների կին հեղինակներն ավելի շատ են, քան տղամարդիկ: Եւ ընդամենը հինգ երկրներում է (Մակեդոնիա, Շրի-Լանկա, Լատվիա, Ուկրաինա, Բոսնիա-Հերցեգովինա) գտնվել 1000 հոդված, որոնք ինդեքսավորվել են Web of Science-ի բազայում:

Կարմիր կետով քարտեզի վրա նշված է Թուրքմենստանը, որտեղ հինգ տարում ընդամենը 52 հոդվածների հեղինակներին է հնարավոր եղել պարզել:

Տղամարդ-գիտնականներով «հարուստ» երկրների թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Ճապոնիան, Հորդանանը, ԱՄԷ-ն, Կամերունը և Ուզբեկստանը:

Գիտական այն ոլորտները, որտեղ տղամարդիկ են ակնհայտորեն գերակշռում՝ ռազմական գիտություններ, ճարտարագիտություն, ռոբոտային տեխնիկա, օդագնացություն և տիեզերագնացություն, բարձր էներգիայի ֆիզիկա,մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, փիլիսոփայություն և էկոնոմիկա, փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը նոր սահմանադրություն է ընդունում’
Հաջորդ հոդվածը‘Իշխանության սպասարկուների էժանագին հնարքները ‘