‘Կասպարով. Լատվիայի քաղաքացիությունը կօգնի դառնալ ՖԻԴԵ-ի նախագահ’

854

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ և շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը  Լատվիայի քաղաքացիություն ստանալու իր դիմումը բացատրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկությամբ: Կասպարովի խոսքերով՝ նախընտրական շրջանում ինքը հարկադրված է լինելու շատ ճանապարհորդել աշխարհով մեկ: «Այն դեպքում, երբ իմ հիմնական մրցակիցը Կալմիկիայի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովն է՝ մի մարդ, ով ֆեդերացիան ղեկավարում է արդեն տասնինը տարի և ռուսաստանյան գործող իշխանությունների հովանավորությունն է վայելում, ես չեմ կարող իմ տեղաշարժի ազատության հարցը վստահել պուտինյան ԱԳՆ-ի հայեցողությանը»,- ասված է աշխարհի նախկին չեմպիոնի հայտարարության մեջ:

Ըստ Կասպարովի՝ ինքն ընտրել է Լատվիան, քանի որ այդ երկրում հաճախ է շախմատային մրցաշարերի մասնակցել: Բացի այդ՝ նրա նախկին կինը Լատվիայի քաղաքացի է, իսկ որդին այդ երկրում կեցության իրավունք ունի և պարբերաբար լինում է Ռիգայում: Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ չի հեռանում Ռուսաստանի քաղաքականությունից և չի հրաժարվում ռուսաստանյան քաղաքացիությունից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վրաստան այցելող հայաստանցիների թիվն աճել է 34,3 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն բերման ենթարկված 38 անձանցից 20-ը ձերբակալվել են (ցանկը)’