‘Կավանին շատ մոտ է Մադրիդին’

883

Երեկ կատալոնական «Սպորտ» օրաթերթը տեղեկատվություն տարածեց ամռան տրանսֆերային շուկայի ընթացքում սպասվող ամենահնչեղ գործարքներից մեկի մասին: Խոսքը «Նապոլի»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանիի մասին է, ում կարիերայի ապագա ընթացքը մեծ հարցեր է առաջացնում:

Ոչ Ֆալկաոն, ոչ Նեյմարը և ոչ էլ Կուն Ագերոն. ըստ «Սպորտ»-ի՝ այս խաղացողներից և ոչ մեկը հաջորդ տարի չի խաղա «սերուցքայիններ»-ի կազմում, ովքեր չնայած իրենց թիմում ունեն Իգուաինի և Բենզեմայի կարգի ֆուտբոլիստներ՝ միևնույն է, շարունակում են ևս մեկ թոփ հարձակվող ձեռք բերել:

Մադրիդցիներն արդեն մի քանի ամիս է՝ բանակցում են հարավամերիկացու հետ, և մնում է միայն՝ Ֆլորենտինոն վերընտրվի, քանի որ նախագահը վստահ է, որ թե՛ Մոուրինյոն, թե՛ նրա հավանական փոխարինողները, ուրախ կլինեն թիմում տեսնել նման բարձրակարգ ռմբարկուի: Իսպանիայի մայրաքաղաքում, իհարկե, հասկանում են, որ Կավանին դեռևս չի կարող համարվել հերթական «գալակտիկո»-ն, բայց նրանց տպավորում է նրա համեմատաբար ցածր գինը այն շուկայում, որտեղ շատ բարդ է գտնել բարձրակարգ 9 համարի խաղացող:

Վերջին ամիսներին  ֆուտբոլիստի գործակալՊիերպաուլո Տրիուլցիին բազմիցս նկատել են Մադրիդում, բայց «Մարկա»-ն տոներից առաջ պնդում էր, որ գործակալը Մադրիդում է գտնվում, քանի որ «Ատլետիկո»-ն, ընդունելով, որ չի կարողանա ևս մեկ մրցաշրջան իր կազմում պահել Ռադամել Ֆալկաոյին, նոր հարձակվող է փնտրում:

Կավանին իտալական ակումբի հետ պայմանագրում ունի իր տրանսֆերի համար հատուկ ընգծված փոխհատուցման գումար, որը կազմում է 63 մլն €, բայց Պերեսը վստահ է, որ գործարքը կարելի է ավարտին հասցնել 50 մլն €-ի շրջանակներում: Բացի այդ, Մադրիդում կփորձեն գործարքի մեջ ներգրավել մի քանի կանտերանոների կամ առաջին թիմում ոչ բավարար խաղային ժամանակ ստացող ֆուտբոլիստների:

«Նապոլի»-ում նույնպես համաձայն են նման տարբերակի, և ակումբների տեսակետները տրանսֆերի վերաբերյալ այդքան էլ չեն տարբերվում: Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ ամեն ինչ շատ մոտ է հաջողությամբ ավարտվելուն, բայց երեք կողմերից ոչ ոք չի անդրադառնա Կավանիի ապագայի հարցին՝ մինչ մրցաշրջանի ավարտը:

Մադրիդում մի փոքր կասկածներ ունեն նաև այն լուրերի հետ կապված, ըստ որոնց՝ Տրիուլցին բանակցել է նաև ՊՍԺ-ի հետ: Նրանք շատ լավ հասկանում են, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է մեծ գումարների հաշվին համոզել բազմաթիվ խաղացողների՝ նախապատվությունը տալ իրենց, ինչպես դա տեղի ունեցավ Տյագո Սիլվայի կամ Լուկաս Մոուրայի դեպքում:

Կավանին, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում  և մրցաշրջանի ընթացքում արդեն դարձել է 27 գոլի հեղինակ, կարող է վստահ լինել, որ իրեն գրկաբաց կընդունի նաև Ժոզե Մոուրինյոն, ով իր հերթին միշտ էլ նախընտրել է այնպիսի հարձակվողների, ովքեր կարողանում են խաղալ 2 ոտքերով էլ և ուժեղ են նաև երկրորդ հարկում:

Ամենայն հավանականությամբ՝ ուրուգվայցու՝ «Սանտիագո Բերնաբեու»-ում հայտնվելը կնշանակի մադրիդյան կարիերայի ավարտ Բենզեմային կամ Իգուաինի համար, քանի որ նրանք առանց Կավանիի էլ արդեն դժգոհ են դաշտում խաղալու քիչ ժամանակահատվածից:

Իհարկե, ամռանը ակումբի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Ֆլորենտինո Պերեսը ձեռք կբերի մի շարք պայմանավորվածություններ այլ խաղացողների հետ ևս, բայց Կավանիի տրանսֆերը կարող է դառնալ գլխավորը, քանի որ մադրիդիստները մի փոքր հոգնել են արդեն «գալակտիկոսներ»-ի թիմում հայտնվելուց և շատ կցանկանային իրենց կազմում տեսնել Էդիսոնի որակները ունեցող մարտիկի, ով արդյունավետությամբ զիջում է միայն Ռոնալդուին և Մեսսիին:

  

Նախորդ հոդվածը‘Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու. Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների ընտրանին ‘
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ ԱԺ էթիկայի հանձնաժողովում. Դավիթ Հարությունյանը դառնալու է հանձնաժողովի նախագահը’