‘Կարապի լճի և Ջրաշխարհի սահադաշտերը բացվել են, ՄՀՀ-ինը՝ դեռ չի գործում’

1619

Կարապի լճի և Ջրաշխարհի սահադաշտերը բացվել են: Կարապի լճի սահադաշտի պաշտոնական բացումը ավանդաբար տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, սակայն տեխնիկական և եղանակային պայմաններից ելնելով` այն սկսեց գործել այսօրվանից: Սահադաշտի աշխատանքային ժամերը չեն փոխվել. ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես սահադաշտը բաց կլինի ամեն օր` ժամը 18:00-ից 23:00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը նույնպես չի փոխվել. սեփական չմուշկների առկայության դեպքում մուտքը սահադաշտ կարժենա 500 դրամ, վարձույթի սրահի չմուշկներով` 1000 դրամ:

Իսկ «Ակվատեկ» մարզաառողջային համալիրի ընդունարանից տեղեկացրեցին, որ Ջրաշխարհի սահադաշտն արդեն շուրջ 10 օր է, ինչ գործում է: Սահադաշտը կգործի ամեն օր` ժամը 14:00-ից 22:00-ը, ընդ որում սեփական չմուշկների առկայության դեպքում մուտքը սահադաշտ կարժենա 1000 դրամ, վարձույթի չմուշկներով` 1500 դրամ: Բացի այդ, Ջրաշխարհը մատուցում է մարզիչի ծառայություններ, որից օգտվելու դեպքում մուտքը կարժենա 2000 դրամ:

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2008-ից գործող սահադաշտին, ապա դրա բացման ժամկետը դեռևս պարզ չէ, տեղեկացրեցին համալիրի ընդունարանից Panarmenian.net-ին:

Նախորդ հոդվածը‘Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ԱԱԾ-ին 40 մլն դրամ հավելավճար տրամադրելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը’20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4-ը՝ ազատվել աշխատանքից ‘