‘Կարեն Անդրեասյանը խնդրում է 2013-ին ավելացնել ՄԻՊ գրասենյակի համար նախատեսված հատկացումները’

885

Ազգային ժողովում շարունակվում են 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որր «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված՝Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման համար, չհաշված եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ սահմանված հատկացումները, տրամադրվելու է շուրջ 164 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ իրենք կառավարությունից խնդրել են շուրջ 11 միլիոն դրամ ավելի հատկացնել ՄԻՊ գրասենյակին՝ միջազգային կոնվենցիաներով սահմանված որոշ պարտավորություններ իրականացնելու համար, սակայն կառավարությունը բավարարել է միայն 3 միլիոն դրամի հատկացումը: ՄԻՊ-ի խոսքով՝ եթե այս անգամ էլ չբավարարվի իրենց պահանջը, իրենք հաջորդ տարի հրաժարվելու են բոլոր դրամաշնորհներից:

«Մենք «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» անդամ երկիր ենք: Այս տարի խնդրում ենք 5 միլիոն դրամ, որ այդ ֆունկցիաներն իրականացնող կամավորները դառնան մեր աշխատողները: Այս աշխատանքների համար խնդրել ենք ավելացում 5 միլիոն՝ հաստիքների վրա, և 6 միլիոնը՝ այդ խնդիրների սպասարկման համար»,- նշեց Անդրեասյանը:

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, որ ՄԻՊ-ի ելույթը էմոցիոնալ էր, ու խնդրեց նախ ներկայացնել, թե հատկացված գումարներով ինչ են պատրաստվում անել, հետո միայն նշել, թե ինչ են անելու իրենց խնդրած հավելյալ գումարով: Անդրեասյանը հակադարձեց, թե իրենք տարեկան զեկույց են ներկայացրել, որում բոլոր տվյալները նշված են:

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը միացան Կարեն Անդրեասյանի առաջարկին: Որոշվեց գրավոր առաջարկություններ ձևակերպել ու դրանք ներկայացնել կառավարությանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակցելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Վերջին 10 տարում ՀՀ-ում կոռուպցիան վարկանիշային ցուցակում աճել է ավելի քան 50 կետով ‘