‘Կարեն Ավագյանը հրաժարվում է Փուչիկների տոնի կազմակերպչի «դափնիներից». Հարցազրույց’

1347

iLur.amը տեղեկացրել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի համակարգողը երիտհանրապետականների առաջնորդ Կարեն Ավագյանն է, այս տարվա հունիսի 11-ին  «Փուչիկների ֆիեստա» էր կազմակերպել: Այս թեմայով էլ զրուցեցինք նրա հետ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Փուչիկների ֆիեստա» էր կազմակերպել

— Ես հիմնադրամի ղեկավարը չեմ, «Փուչիկների ֆիեստան» գնացեք, մեր կայքում ճշտեք, տեսեք՝ երբ է եղել, նոր ձեր հարցերին կպատասխանեմ:

Ճշտել ենք` այս տարվա ամռանը:

— Ֆիեստան եղել է շատ շուտ: Ֆիեստան անցյալ տարի ենք արել:

Այնուամենայնիվ, այդ ֆիեստայի վրա ինչքա՞ն գումար եք ծախսել:

— Ի՞նչ գումար:

Ոչ մի դրամ չեք ծախսե՞լ:

— Կրկին ինֆորմացիայի բացակայություն: Հիմնադրամն աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ, հ/կ-ները դիմում են հիմնադրամին` իրենց ծրագրով ու նախահաշվով, եւ ֆինանսավորվում են: Պետք է ճշտեք` որ հ/կ-ն է «Փուչիկների ֆիեստա» անում, ըստ դրա՝ կտեսնեք գումարների ծախսը:

Բայց չէ՞ որ դուք եք ֆինանսավորել:

— Ես չեմ հիշում: Ես տարեկան 160 ծրագիր եմ անում Հայաստանի երիտասարդական հիմնադրամով, եւ պարտավոր չեմ բոլոր հ/կ-ների անունները իմանալ:

Ինչո՞ւ չեք հրապարակում ձեր հիմնադրամի հաշվետվությունները:

— Հիմնադրամը բաց է, թափանցիկ աշխատում է: Հիմնադրամը հաշվետու է հոգաբարձուների խորհրդին, եւ օրենքի համաձայն՝ աուդիտի եզրակացությունը, ֆինանսական հաշվետվությունն ու ողջ ծրագրերը հրապարակում են:

Բայց այդ հրապարակված հաշվետվության մեջ միայն ընդհանրական թվեր են, եւ հայտնի չէ` ումից ինչքան գումար է մուտք եղել հիմնադրամ, եւ որքան է ծախսվել կոնկրետ ծրագրի վրա:

— Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Հիմնադրամն ունի գործադիր տնօրեն, այնպես որ, խնդրում եմ` բոլոր ֆինանսական հարցերով դիմեք գործադիր տնօրենին, որովհետեւ ես չեմ զբաղվում ֆինանսական հարցերով:

Ընդհանրապետ, ՀՀԿականների մոտ փուչիկների հանդեպ սերը ինչի՞ց է գալիս:

— Փուչիկների հանդեպ սերը գալիս է ձեզանից:

Հիշո՞ւմ եք՝ Հանրապետության հրապարակում էլ փուչիկների ֆիեստա կազմակերպեցիք` մեթան գազով լիցքավորված, արդյունքում` տեղի ունեցավ հայտնի տխուր միջադեպը:

-Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք: Եվ ինձ համար անհասկանալի է, երբ փորձում են դժբախտ պատահարը թարմացնել` մոռանալով շատ տուժած երիտասարդների մասին: Իսկ ինչ վերաբերում է իմ կապին, ապա դա շատ տրամաբանական կապ է. ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում էր հանրահավաքին, եւ այդ երիտասարդները մեր երիտասարդական կազմակերպության անդամներն են:

Փուչիկները մեթանով լիցքավորելու պատասխանատուն ո՞վ է` դո՞ւք` որպես ՀՀԿ երիտթեւի ղեկավար, թե՞ ուրիշը:

— Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին:

Ո՞վ էր լիցքավորման պատասխանատուն:

— Ես կապ չունեմ:

Իսկ ո՞վ ուներ: Չէ՞ որ բացի լիցքավորողից, որեւէ մեկը չպատժվեց:

— Դրա մասին բազմիցս խոսվել է:

Արման Գալոյան

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքում փուչիկների ֆիեստայի մասին նշված է հետեւյալը. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 11-ին Հյուսիսային պողոտայում անցկացրեց «Բալուն ֆիեստա» (Balloon Fiesta)՝ «Փուչիկների ֆիեստա» ծրագիրը, որին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ մայրաքաղաքից եւ մարզերից: Միջոցառման մասնակիցները երկինք բաց թողեցին հազարավոր գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները… Ծրագիրն ամենամյա է, եւ ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ միջոցառման նպատակն է համախմբել Երեւանի և մարզերի երիտասարդներին»: Իսկ հարցազրույցում, նկատենք, Կարեն Ավագյանը պնդում է, թե «իրենք չեն ֆիեստայի կազմակերպիչը, այլ` ինչ-որ հ/կ»:

 

Նախորդ հոդվածը‘Մահվան պահին Բորիս Բերեզովսկու ունեցվածքը գնահատվել է 800 միլիոն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Այս տարի օդային ճանապարհով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 41000 մարդ’