‘Կարեն Ավագյան. Հանգիստ քնում եմ, որովհետև իմ խիղճը հանգիստ է’

1686

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց մեկ տարվա ազատազրկման: iLur.am-ը դատավարության վերաբերյալ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ:

Ինչպե՞ս  եք գնահատում դատարանի կայացրած վճիռը:

-Ես չէ, որ պետք է գնահատեմ դատարանի վճիռը: Դատարանն ինքն իր գնահատականը տվել է կոնկրետ դեպքի հետ կապված, ավելացնելու ոչ մի բան չունեմ: Չեմ կարծում, որ վճռից հետո մեկնաբանությունների խնդիր կա:

Պարոն Ավագյան, տուժողներից ոմանք մեզ հետ զրույցում նշում էին, որ Դուք, որպես միջոցառման կազմակերպիչ, ևս պատասխանատվություն եք կրում միջադեպի համար:

-Դուք ասացիք, որ իմ անունն են տվել, որը չի համապատասխանում իրականությանը: Ձեր ինֆորմացիան թերի է: Իսկ կազմակերպիչների մասով իրավապահ մարմինները պետք է որոշեն. ես չեմ կարծում, որ կազմակերպիչների հետ կապված որևէ խնդիր է եղել այնտեղ, իսկ իմ անձը` որպես Կարեն Ավագյան, ես բազմիցս դրա մասին խոսել եմ, որևէ կապ չկա որպես կազմակերպիչ միջոցառման հետ: Ես կազմակերպիչ չեմ եղել:

Տուժածներից ոմանց նշեցին, որ դուք Ձեր հարցազրույցներում ոչ միայն Ձեզ մեղավոր չեք համարում, այլև ասում եք, որ ձեր խիղճը հանգիստ է ու հանգիստ եք քնում:

-Եկեք մենք սկսենք անվանական խոսել, վերացական այդ ձևակերպումներից հեռվանանք մի փոքր: Տուժողները իմ շատ լավ ընկերներն են, տուժողները մեր կազմակերպության անդամներն են, և իմ սիրտը ավելի ու ավելի շատ է ցավացել, քան այն բոլոր մարդկանց, ովքեր փորձել են սա շահարկել և քաղաքական ենթատեքստ դնել սրա տակ: Կխնդրեմ դեպքի հետ կապված ավելի զգույշ մեկնաբանություններ արեք: Ես ևս մեկ անգամ ասում եմ. ես իրականում հանգիստ քնում եմ, որովհետև իմ խիղճը հանգիստ է և եթե դուք իմ անձը կապում եք որպես կազմակերպիչ կոնկրետ դեպքի հետ կապված, բազմիցս դրա մասին ասել եմ, հիմա էլ ասում եմ, ես միջոցառման կազմակերպիչ չեմ եղել: Այն մարդիկ, ովքեր փորձում են իմ անձը կապել միջադեպի հետ, այլ նպատակներ են հետապնդում: Միգուցե խանգարում է իմ ակտիվությունը, միգուցե խանգարում է ակտիվ պրոցեսներին մեր մասնակցելը, որը երևի թե շատ մարդկանց դուր չի գալիս: Այդ մասով միգուցե ես փորձեմ իմ անձը կապող երևույթներին որոշակի բացատրություն տամ, բայց մնացած դեպքերում, ավելորդ եմ համարում այլ մեկնաբանություններ: Ես միջոցառման կազմակերպչական աշխատանքերին չեմ մասնակցել: Դա բոլորը գիտեն՝ այդ թվում իրավապահ մարմինները, այդ թվում այն մարդիկ, ովքեր փորձում են շահարկել և իմ անունը կապել միջադեպի հետ:

Ամեն դեպքում չե՞ք կարծում, որ Հանրապետական կուսակցությունը պետք է ներողություն խնդրեր տուժողներից ու նրանց հարազատներից:

-Ի՞նչ է նշանակում ներողություն խնդրել: Մի հատ կբացատրե՞ք:

Չէ՞ որ դա նաև կազմակերպիչների սխալն էր, քանի որ նրանք հաշվի չէին առել անվտանգության նկատառումները:

-Բոլոր մեղավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ առնչություն ունեցել են, իրավապահ մարմինների աշխատանքում դա երևացել է և փաստացի այսօր դատարանի վճիռը դրա ապացույցն է: Ավելորդ մեկնաբանություններն ու ավելորդ ենթատեքստերը զուտ մեկնաբանություններ, զուտ կարծիքներ են: Խնդիրը իրավական հարթության մեջ է, վճիռը կա և ավելորդ մեկնաբանություններ ուղղակի անիմաստ շահարկում են այն խնդիրը, որը որ եղել է և որի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել:

Մամուլում գրում են, որ կազմակերպիչներն ու մեղադրյալը պայմանավորվածություն են ունեցել, որ միայն նա պատասխանատվության ենթարկվի և ոչ կազմակերպիչները: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես նման ոչ մի ինֆորմացիա չունեմ: Դա նորից գալիս է այն իմ ասած ամբողջ խնդիրների ամբողջականությունից, որ ինքը անիմաստ շահարկման թեմա է: Անկախ նրանից, թե ինչ է ասվում մեր կողմից, մամուլում հայտնվում են նյութեր, հայտնվում են մարդիկ, որոնք չակերտավոր ավելի սրտացավ են և փորձում են խնդիրը տանել այլ հարթություն, այնինչ խնդիրը միայն ու միայն իրավական հարթությունում է, որը որ այսօր վճռի տեսքով արդեն եղել է:

Այսօր դատարանում iLur.am-ը զրուցել է տուժողներից Վեներա Հարթինյանի հետ: Նա միջադեպի հետևաքով ձեռքերի և դեմքի շրջանում այրվածքներ է ստացել, ՀՀԿ անդամ է: Վեներայի համոզմամբ՝ մեղավոր են և՛ ամբաստանյալը, և՛ կազմակերպիչները, քանի որ անվտանգությունը չեն ապահովել: Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում՝ կազմակերպիչներն է՞լ պետք է մեղադրյալի աթոռին լինեին:

«Ճիշտն ասած չեմ կարղ ասել, եթե ապացուցվի, որ իրենք իսկապես մեղավոր են, ուրեմն պետք է, որ լինեն: Այդ մարդուն խղճում եմ, իրեն էդքան էլ մեղավոր չեմ համարում: Ինքն էլ է մեղավոր, կարող էր չանել, բայց ոչինչ. իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բավականին շատ են»,- ասաց Վեներան:

Գործով մեկ այլ տուժող, որը չցանկացավ ներկայանալ, iLur.am-ին ասաց, որ չպետք է միայն Բոզոյանը պատասխանատվության ենթարկվի, քանի որ կազմակերպիչները տեղյակ են եղել, որ փուչիկները ոչ անվտանգ գազով են լիցքավորվելու:

«Ուրեմն իրենք էլ պետք է պատասխանատվութան ենարկվեն ու զարմանալի է, թե ինչու իրենք էլ չկան մեղադրյալի աթոռին: Գիտեմ, որ փուչիկների կազմակերպչականով զբաղվել է Վոլոդյա Գասպարյանը, իսկ ընդհանուր կազմակերպիչը Կարեն Ավագյանն է եղել: Նա, համենայն դեպս, պիտի բարոյական պատասխանատվություն կրեր, բայց ինքը դա չի անում, իր հարցազրույցներից դատելով՝ ինքը իրեն մեղավոր չի համարում: Կարող էր ուղղակի ներողություն խնդրել»:

Մեղադրյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանն էլ iLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջոցառումը կազմակերպող անձինք որոշակի պատասխանատվություն պետք է կրեն, որովհետև նման միջոցառում կազմակերպելու դեպքում անվտանգության բոլոր կանոնները պետք է պահպանել:

«Մարդիկ, որոնք պատասխանատու են այդ միջոցառման համար, պետք է նաև մտածեին անվտանգությունը ապահովելու մասին: Ըստ էության անձինք, որոնք կազմակերպել են այդ միջոցառումը, բավականին տեղյակ եղել են, որ փուչիկները ոչ պատշաճ գազով են լիցքավորված: Նաև պաշտպանյալս տեղեկացրել է վտանգի մասին, և մեղադրական եզրակացությունում այդ մասին նշումներ կան»,- ասաց պաշտպանը:

Պատրաստեց Արա Հարությունյանը

Նախորդ հոդվածը‘Լեհաստան – Անգլիա՝ 1:1’
Հաջորդ հոդվածը‘Նավասը իր արարքի համար պատժվեց’