‘Կարեն Միրզոյան. 2015-ը Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի’

1192

ԼՂՀ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։ Այս մասին 2014-ը ամփոփող ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայութունը:

Խոսելով 2015 թ. առաջնահերթությունների մասին, նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: միրզոյանը համոզմունք է հայտնել, որ 2015 թ. Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։

Արտաքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ  2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։ ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարել է նաև Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահը: Աշնանը Նավարայի (Իսպանիայի ինքնավար մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները  պետք է պարտադիր կողմ հանդիսանան  ցանկացած բանակցային ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար:

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում նոր զարգացումներ են գրանցվել ԱՄՆ-ում։ Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից և Լուիզիանայից հետո ամերիկյան Կալիֆորնիա նահանգը դարձել է  հինգերորդը, որն ընդունել է  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ավելին, Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։

«Նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ», — ասել է Կարեն Միրզոյանը։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Վախենալով ֆինանսների պակասից` Բաքուն գիտակցաբար սրում է իրավիճակը ‘
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Հովհհանիսյան. Ի՞նչ ճակատագիր են ունեցել Ադրբեջանի ԶՈՒ 15 զինծառայողները’