‘Կարեն Օհանջանյան. Բակո Սահայանն արհամարհեց ժողովրդի կարծիքը’

4336

iLur.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Սոցիալական Արդարություն» կուսակցության նախագահ և «Հելսինկյան Նախաձեռնություն- 92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանից, որտեղ նամակի հեղինակը դժգոհություն է հայտնում ԼՂՀ-ում տիրող քաղաքական իրավիճակից: Նամակը ներկայացվում են ամբողջությամբ և առանց խմբագրման. 

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության  արարողությունները: Եւ ինչպես նախատեսվում է Սահմանադրությամբ, իր պաշտոնը ստանձնած պետական բարձրագույն անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում երկրի ԱԺ-ին ներկայացնել նոր վարչապետին:

Հետեւելով նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի վերջին տարվա փոխհարաբերություններին, որոնք միտված են Բակո-Արայիկ տնտեսական կայսրության ստեղծմանը, դժվար չէր կռահել, որ այդ նոր թեկնածուն հենց Արայիկ Հարությունյանը կլինի: Մարդ, ով իր վարչապետության վերջին 5 տարիները նվիրել է Լեռնային Ղարաբաղի ազգային ռեսուրսների գողացման սխեմաների մշակմանն ու իրականացմանը: Հենց այդ ընչաքաղց անձնավորությունը, ով օգտագործելով պրիմիտիվ սխեմաները` կոռուպցիան հասցրել է անհավանական չափերի, ինչը ակնհայտ է դարձել նույնիսկ քիչ տեղեկացված քաղաքացիների համար, ԼՂՀ նոր վարչապետի թեկնածուն է հայտարարվել: Ավելի թքողական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ նախագահը չէր էլ կարող ցուցաբերել: Եւ դա՝ հաշվի առնելով այն, որ նախագահի նախընտրական շտաբը ղեկավարում էր վարչապետը` նախագահի եւ նրա շրջապատի հանդեպ Ղարաբաղի ժողովրդի խայտառակ վերաբերմունքի հիմնական մեղավորը: Նման բացասական վերաբերմունքի ժողովրդի կողմից չի արժանացել ԼՂ ոչ մի ղեկավար: Եւ դրանում հսկայական մեղքի բաժին ունի վարչապետը, ով իր ագահությամբ իր դեմ է հանել ղարաբաղյան գրեթե ողջ հասարակությանը: Նորմալ տրամաբանությամբ, ժողովրդավարական ավանդույթներով դաստիարակված ցանկացած նախագահ պետք է որ տար ցանկացած մարդու անուն, բայց ոչ նրա անունը, ով մեղավոր է իր ընտրական արշավի տապալման համար, եւ ով ժողովրդի մոտ ասոցացվում է ողջ բացասականի հետ, եւ ում հրապարակային հայտնությունները նյարդայնացնում են հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Այո, հենց այդպես պետք է վարվեր նախագահը, ով ունի պատիվ եւ խիղճ, եւ ով մտահոգ է իր երկրի ճակատագրով եւ իմիջով: Այո, բայց երբեք ոչ այն մարդը, ով իրեն ԼՂՀ նախագահ է կոչում, քանի որ ցանկացած այլ տարբերակի դեպքում երկրի, այդպես կոչված, բարեկեցության եւ իրենց իրական անձնական բարգավաճման ողջ սիստեմը կսկսեր փլուզվել: Այդ պատճառով էլ առաջացել է վարչապետին հրապարակավ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Դրանով էլ բացատրվում է ներկայիս ղարաբաղյան քաղաքական դաշտի երկու հիմնական դերակատարների նման կոմպլեմենտար պահվածքը:

Այդ կոմպլեմենտարությունը այնքան պրիմիտիվ եւ զզվելի է, որ նույնիսկ հանդիսավոր բանկետի ժամանակ (երդմնակալության ընդունելություն), Բակո Սահակյանի պատվին առաջին կենացից հետո Արցախյան թեմի հոգեւորականներից մեկը երգեց հայտնի հայ կոմպոզիտորի «Ամեն ինչի համար շնորհակալ եմ քեզ..» երգը, (սցենարը, որը հաստատվել է վարչապետի կողմից` մշակույթի նախարարի գաղափարով, ով վերջին ժամանակներս պետական միջոցների վատնման հարցում անհավանական ակտիվ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում (դրանց լուրջ դեֆիցիտի պարագայում), հնարավոր բոլոր տեսակի համերգների, սիմպոզիումների` արտերկրից եկած կասկածելի քանդակագործների մասնակցությամբ, ովքեր իրենց անպետք ստեղծագործություններով այլանդակել են Շուշիի պատմական եւ Ստեփանակերտի ժամանակակից դեմքը):

Կատարվող ողջ գործընթացի ողբերգականությունը նախագահ-վարչապետ զույգի գործունեության արդյունք է: Այո, վարչապետը շնորհակալ է նախագահին` իրեն պահելու հարցում վերջինիս վճռականության համար, (ի հեճուկս` ոչ միայն տողերիս հեղինակի, այլ նաեւ նախագահի նեղ շրջապատի ազդեցիկ անձանց ուլտիմատիվ պահանջների), իսկ նախագահը` Արայիկին, ով ղարաբաղյան ողջ հասարակայնության աչքին ներկայանում է ավելի շատ որպես տիկնիկավար, քան տնտեսության եւ կառավարման ոլորտի մասնագետ:

Կասկած չկա, որ ԼՂՀ լռակյաց ԱԺ-ն կհաստատի նախագահի առաջարկը (բոսսին ծառայություն մատուցելու հնարավորություն է առաջացել), չնայած այն բանին, որ քաղաքացիների մեծ մասը միամտաբար այլ որոշման են սպասելու: Օրհնյալ են նրանք, ովքեր հավատում են: Եւ իշխանությունները, եւ ժողովուրդը: Սակայն, ոչ վաղ անցյալում, իսկ կոնկրետ՝ 1988-ին, արդարության հանդեպ հավատը փոխեց պատմությունը ոչ միայն փոքրիկ ժողովրդի, այլ նաեւ մի ամբողջ կայսրության համար:

Տեղեկացնենք, որ iLur.am-ը պատրաստակամ է տպագրելու նաև հակառակ կարծիքները

Նախորդ հոդվածը‘Դատավարություն «Հարսնաքարի» գործով. ամբաստանյալներից մեկը փաստաբան չուներ. հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 24-ին’
Հաջորդ հոդվածը‘Լարիսա Ալավերդյան. «Հարսնաքարի» գործով նախաքննությունը պատշաճ չի իրականացվել’