‘Կարինե Աճեմյան. Սերժ Սարգսյանն ընդամենը շփման մեջ է մտել ժողովրդի հետ, խոսել է մարդկանց հետ և խոսել է շատ անմիջական’

1387

Ես չեմ համարում, որ մեր նախագահը որևէ ձևով բացասական որևէ խոսք կամ արտահայտություն է արել, նա ընդամենը շփման մեջ է մտել ժողովրդի հետ, խոսել է մարդկանց հետ և խոսել է շատ անմիջական: iLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերը: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպումներ է ունենում և այդ հանդիպումներն անցնում են շատ անմիջական մթնոլորտում:

«Երբ անմիջական խոսքի մեջ ինչ-որ հարցի անդրադառնում է, դա կարող է պարզապես սխալ մեկնաբանության առիթ հանդիսանալ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կանդրադառնա քարոզարշավի վրա, ապա քարոզարշավը նորմալ ընթացք ունի: Չեմ կարծում, որ որևէ դեպքում որևէ բացասական արդյունք կարող ենք մենք արձանագրել: Հակառակը, ես կարծում եմ, որ այդ հանդիպումները շատ օգնում են»,- նկատեց պատգամավորը:

Օրեր առաջ Եռաբլուրում բողոքող կանանցից մեկին Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»: Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի պատասխանն ադեկվատ էր:

«Իսկ դուք գիտե՞ք՝ էդ կինը ով էր, ի՞նչ հարցով դիմեց ու ինչո՞ւ չեք կարծում, որ նաև պրովոկացիաներ են  արվում: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նախագահը շատ ադեկվատ էր պատասխանում»:

Ինչ վերաբերում է դավիթաշենցի «Չեբուրաշկայի» դեպքին, ապա Կարիեն Աճեմյանը խոստովանեց, որ դա իր մոտ ժպիտ է առաջացրել, թեև «լրիվ համաձայն չէ այդ տեսակ ելույթների հետ»:

«Դա կոնկրետ նախագահի հետ չի կապված: Որևէ անձ իր տեսակետն է արտահայտել, մարդը իրավունք ունի արտահայտվելու, մարդիկ շատ տարբեր են և նրանց արտահայտչամիջոցներն էլ են տարբեր: Եթե մարդ շատ հիացած է և ուզում է իր հիացմունքն արտահայտել, այլ ձև կա դրա համար, բայց մարդը իր տեսակետն է արտահայտել: Պարզապես մեկնաբանություններն են շատ խիստ»,- նշեց Աճեմյանը՝ հավելելով, որ դա նորմալ է:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Ինձ չի անհանգստացնում երկրպագուների վերաբերմունքը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի պատերազմի հաշմանադամին նոր ձեռքեր են փոխպատվաստել’