‘Կարինե Խոդիկյան. Ե՞րբ քաղաքին կվերադարձվի նրա անցյալի շատ թանկ ու կարևոր հատվածը’

1514

Հյուսիսային պողոտայի կառուցմանը զուգընթաց Երևանում քանդվեցին նախախորհրդային ժամանակահատվածում կառուցված տասնյակ շենքեր, վերացավ ճարտարապետա-մշակութային մի ամբողջ շերտ, որը հիշողություն ունեցող և այդ հիշողությունը պահպանող Քաղաքը զատում էր բետոնաշենքերով բնակեցված մանկուրտ տարածքից: Երևանը այլևս քառակուսի մետրերով ընկալողներն ունեին իրե՛նց քաղաքի էլիտար տեսլականը, բայց որպեսզի պահպանվեր խնդրի ձևական կողմը` որոշումով ամրագրեցին, որ պետության կողմից պահպանվող այդ շենքերի քարերը պիտի համարակալվեն ու պահվեն «Հին Երևան» ծրագիրը իրականացնելիս: 2005 թ., ծրագիրը ներկայացվեց քաղաքային իշխանություններին, համաձայն որի «Հին Երևանը» իրականացվելու էր Կողբացու, Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցների միջև ընկած հատվածներում և այս օրերին հանրաճանաչ դարձած Մաշտոցի պուրակում: Նույն թվականին էլ ՀՀ կառավարության որոշումով այդ տարածքները, բաժանված լոտերի, աճուրդով վերջնական վաճառվել են 3 մասնավոր ընկերությունների, որոնց պահեստարաններում էլ պիտի պահպանվեին ապամոնտաժված շենքերի քարերը: Թե ինչպես են ապամոնտաժել` կարող եք համոզվել այս լուսանկարից, իսկ թե ինչպես են պահպանվում… Շուտով կունենանք նաև այդ հարցի պատասխանը: Իսկ առայժմ… Տեղափոխվենք 2009 թ., երբ այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը հրապարակավ հավաստիացնում էր, որ «Հին Երևանը մեկ փողոցում» նախագծով Արամի և Բուզանդի փողոցներում կվերակառուցվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի 19 շենք: Նախագծի կազմման աշխատանքները պիտի ավարտվեին 2009 թ., իսկ… թույլ նյարդային համակարգ ունեցողներին զգուշացնում եմ` բաց թողնել հետևյալ նախադասությունը. արդեն 2012 թ. Երևանի կենտրոնի մի հատվածում 19 շենք վերականգնված` պիտի շոյեին մեր աչքերն ու ազգային հպարտությունը:

2013 թ.-նն է, ինչը մեզ իրավունք է վերապահում չարչրկված հարցը մեկ անգամ ևս բարձրաձայնելու` ե՞րբ քաղաքին կվերադարձվի նրա անցյալի շատ թանկ ու կարևոր հատվածը, թեկուզև` «Հին Երևանը մեկ փողոցում» զարմանահրաշ անվանումը կրող ծրագրով:

Կարինե Խոդիկյան

«Գրական Թերթ»

Նախորդ հոդվածը‘Ընտրվել է ամենաանհեթեթ վերնագրով գիրքը. Վերնագիրն իրոք անհեթեթ է’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012’