‘Կարինե Հակոբյան. Սիրիահայությանն աջակցելու համար քայլեր արվել են, բայց մեր մտահոգությունները շարունակվում են ‘

995

Սիրիահայությանն աջակցելու համար քայլեր արվել են, բայց մեր մտահոգությունները շարունակվում են, քանի որ այս հարցում հիմնական մոտեցումը պետք է լինի հայրենադարձությունը: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հասարակական գործիչ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը, որը սիրիահայերի աջակցության և հայրենադարձության նախաձեռնող խմբի անդամ է: 

«Արտագաղթի ֆոնին խոսել հայրենադարձության մասին ուտոպիկ մի բան է թվում, բայց եթե խորը մտածենք, կհասկանաք, որ այս գործընթացները փոխկապակցված են», — ասաց Հակոբյանը: 

Նախաձեռնող խումբը, նրա խոսքով, առաջարկում է Հայաստանի համահայկական հիմադրամի մարաթոնից ստացված ողջ գումարը փոխանցել սիրիահայերին, իրավաբանական աջակցության գրասենյակ ստեղծել նրանց համար, առաջիկա երկու տարիներին սիրիահայ փոքր և միջին ձեռնարկատերերին ազատել հարկերից և այլն: 

Երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյանը, ով ևս այս նախաձեռնող խմբի անդամներից է, համարում է, որ այսօր սիրիահայ համայնքի գոյության հարցն է դրված: Ըստ նրա՝ համայնքն արդեն իսկ ջախջախված է, և պետք է ամեն ինչ անել՝ այնտեղի հայությանը Հայաստան բերելու համար:

«Այսպիսի կարևորագույն հարցում պատրանք է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, բայց երբ սկզբում դիմեցինք սփյուռքի նախարարությանը, ասացին՝ վերադառնալ ցանկացողներ չկան, հինգ հոգի են: Այսօր 5000-ն են, վաղը կդառնա 50000: Ի՞նչ պետք է անենք: Արդեն ուշացել ենք», — ասաց Թախտաջյանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում կստեղծվի պետանվտանգության ծառայություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սանտա-Բարբարայում շնաձուկը հարձակվել է մի երիտասարդի վրա ‘