‘Կարմիր խաչ. Հալեպից փախել է 50 հազար մարդ’

1182

Սիրիական Հալեպի նահանգում ռազմական գործողությունների ակտիվացման հետևանքով առնվազն 50 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Հումանիտար իրավիճակը նահանգում սրընթաց վատթարանում է, վերջին երկու շաբաթների ընթացքում Հալեպ քաղաքի ջրամատակարարումը խափանված է, քանի որ ջրմուղ կայաններն ավերվել են, խաղաղ բնակիչներին չեն բավարարում վառելիքը և էլեկտրականությունը,  հավելել են ԿԽՄԿ-ում:

Պատերազմից փախչող մարդիկ կուտակվել են Թուրքիայի սահմանի մոտ:

Նախօրեին Բրիտանիայում տեղակայված՝ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնում հայտարարել են, որ Հալեպի նահանգում, ռուսաստանյան օդուժի աջակցությամբ կառավարական զորքերի գրոհի մեկնարկից ի վեր, զոհվել է 500-ից ավելի մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե ռուսաստանցի զինվորականների գործողությունները Սիրիայում մարդասիրական ճգնաժամ են առաջ բերել: «Կարծում եմ, որ օդուժի հարվածները ահաբեկչության դեմ պայքարելու հրաշալի պայմաններ են ստեղծում»,- ասել է Զախարովան: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Ինչու՞ չմտածել, որ այս մրցաշրջանը «Ռեալի» համար ուրախությամբ է ավարտվելու»’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին հրապարակավ հրաժարվել է ՈՒԱԽ-ի թիկնազորից’