‘Կարմիր կետագծի այս ու այն կողմերը’

1296

Սերժ Սարգսյանը սպասեց բոլոր տեսակի «ընտրությունների» ավարտին, որպեսզի «ավետի» թանկացումների և նոր վճարամիջոցների մասին։

Հետևում մնացին «ատկատներից» ու «տենդերներից» հերսոտելը։ Հիմա եկել է «ատկատներն» ու «տենդերները» է՛լ ավելի կենտրոնացնելու և կրկնակի եռանդով փող աշխատելու ժամանակը։

ՀՀԿ ղեկավարն այլևս ձևականությունների հետևից չի ընկնում։ «Ատկատների» ու «տենդերների» համար Տիգրան Սարգսյանը խրախուսվում է։ Դե իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գործի են նշանակել, որպեսզի հլու–հնազանդ կատարի Բաղրամյան 26–ի հրահանգները և մայրաքաղաքը դարձնի կանաչ գոտի (դոլարի «մոմենտով»)։

Դատելով ամենից՝ Երևան քաղաքին առանձնահատուկ դեր է հատկացված փող աշխատելու գործում։ Սկզբում մայրաքաղաքում գործող երթուղայիններից, ավտոբուսներից ու տրոլեյբուսներից օգտվելու թանկացման անհաջող փորձն էր։ Ուժ տեսնելով՝ սրանք ժամանակավորապես կասեցրին իրենց որոշումը։

Հիմա անցել են ավտոկայանատեղիներին։ Սերժի բիզնես շրջապատը պետության հետ ուզում է փայ մտնել 70/30 հարաբերակցությամբ, բնականաբար՝ հօգուտ «մասնավորի»։ Կարմիր կետագիծ անելը միլիոնավոր դոլարների անաշխատ եկամուտ է ապահովելու գետնից փող հավաքողներին։

Ի դեպ, այդ կարմիր կետագծերը, որոնք հայտնվել են մայրաքաղաքի ասֆալտի վրա, շատ խորհրդանշական են։ Դրանք յուրօրինակ բարիկադներ են կամ հորիզոնական դիրքում պատկերված ճաղավանդակներ, այսինքն՝ հանրային ու քաղաքական առումով կարմիր գույնով արված հոծ գծեր։

Բարիկադի մի կողմում Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են, իսկ մյուս կողմում բովանդակ հայ ժողովուրդը (գործարարներ, աշխատավորներ, գործազուրկներ, զոհված զինծառայողների մայրեր, ուսուցիչներ, սոցիալապես անապահով խավեր և այլն)։ Թե ով ում կբերի «հարկային» դաշտ և ով ում կստիպի վճարել «պո պոլնոյ պռագռամմե», պարզ կդառնա շատ շուտով, քանզի կողմերը երկար ձգելու ռեսուրս չունեն։ Ասել է թե՝ կարմիր գծից այս ու այն կողմ գտնվողների համար ժամանակաչափը միացված է, իսկ տեսախցիկներն էլ ֆիքսում են գործողությունները։

Սևակ Մինասյան

www.7or.am  

Նախորդ հոդվածը‘Քաշաթաղի ղեկավարը «անձնական ամբիցիաների» պատճառով հետապնդում է դպրոցի տնօրենին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գ.Սահակյան. Յուրաքանչյուր նման դեպքում որոշակիորեն դիրքորոշումներ են առաջանում’