‘Կարուսելի դեպք՝ 5/27-ում. Ոստիկանները չեն միջամտում’

5970

Թիվ 5/27 ընտրատեղամասում iLur.am-ի արտահաստիքային լրագրող Հասմիկ Հրաչյանը «կարուսելի» դեպք է արձանագրել: «Մի տարեց կին եկավ ընտրատեղամաս եւ հայտնեց, որ առանց թոռան օգնության չի կարող քվեարկել: Քանի որ «թոռը» եկավ առանց անձնագրի, նրան թույլ չտվեցին օգնել կնոջը՝ քվեարկելու», — պատմեց Հասմիկը: Լրագրողը պատրաստակամություն է հայտնել օգնել տիկնոջը, եւ երբ մոտեցել է քվեախցին, տեսել է, որ կինը, որը դեռ գրիչ չէր վերցրել, կանգնած է ներսում, ձեռքին՝ արդեն լրացրած քվեաթերթիկը:  Հասմիկը հասցրել է նկատել, որ նշումն արված էր ՀՀԿ-ի օգտին:

«Մինչ ես բացատրում էի հանձնաժողովի անդամներին, թե ինչ է կատարվում, կինը հեռացավ», — պատմում է լրագրողը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամներից ոմանք մեղադրում էին իրեն, թե ինչու չի խուզարկել տիկնոջ գրպանները: «Դրանից մի քանի րոպե առաջ, երբ ես մի երիտասարդից պահանջում էի դուրս գալ տեղամասից, հանձնաժողովականները ասում էին, թե իրավունք չունեմ միջամտել: Բայց այս դեպքում նրանք զարմանում են, թե ես ինչու չեմ մտել այդ կնոջ գրպանները կամ ստուգել անձնագիրը», — ասաց լրագրողը:

Հանձնաժողովի նախագահ Գալյա Ղահրամանյանի ներկայացմամբ՝ տարեց կինը իրեն ասել է, թե սեփական ձեռքով է նշում կատարել քվեաթերթիկում (հիշեցնենք, որ տիկինը մինչ այդ կանչել էր «թոռանը»՝ օգնելու): «Ես հիմա չեմ կարող ասել, լրագրողի ասածն է ճիշտ, թե այդ կնոջ», — ասաց տիկին Ղահրամանյանը:

Հանձնաժողովի անդամ Անահիտ Մեսրոպյանի (ՀԱԿ) պնդմամբ՝ հանձնաժողովի գրանցամատյանում համապատասխան արձանագրություն կազմվեց: Տիկին Մեսրոպյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Քվեարկված թերթիկը մարվել է:

Հասմիկ Հրաչյանը պատմեց նաեւ, որ երբ մի երիտասարդի, որը առանց լիազորագրի գտնվում էր տեղամասում, խնդրել է լքել տեղամասի տարածքը, երիտասարդը սպառնացել է՝ «խելոք մնա, թե չէ կտամ գլուխդ կջարդեմ»: Հասմիկի խոսքով՝ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները որեւէ կերպ չեն արձագանքում այս ամենին, ավելին, ոստիկանները հաճախ մտերմիկ զրույցի են բռնվում ՀՀԿ վստահված անձանց եւ տարածքում գտնվող «անհայտ ծագման» երիտասարդների հետ: 

 

 

Նախորդ հոդվածը‘Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 53,53 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Մարդիկ քվեարկել են տարբեր գույների գրիչներով (լուսանկար)’