‘Կարո Եղնուկյանի նկարով պաստառը քրեական հանցագործություն է. Նախախորհրդարան’

920

Նախախորհրդարանի քարտուղարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկարով մեծադիր պաստառը, որը փակցված է «Ծածկած շուկայի» ճակատային մասում, ՀՀ քրեական օրենսգրքի 3971 հոդվածով նախատեսված հանցագործություն է: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Արդեն չորրոդ օրն է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանի նկարով մեծադիր պաստառ, որի վրա նրա նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» բառերն ու արտահայտությունները, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 3971 հոդվածով նախատեսված հանցագործություն է:

 

Միևնույն ժամանակ՝ այս արարքը Կարո Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող վիրավորանք ու զրպարտություն է, ինչով էական վնաս է հասցնում դրանց:

Օրը ցերեկով ի տես բոլորի կատարվող այս հանցագործության մասին մի քանի օր առաջ պաշտոնական հայտարարությամբ ահազանգել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում քրեորեն պատժելի արարքը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պետական մարմիններն ու օլիգարխիան նույն համակարգի օրգանական բաղադրիչներ են:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ արդեն համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր անդամի իրավունքները, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար. Գորիկ Հակոբյանը` ցուցարարին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի դիվանագետ. Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման սեփական ճանապարհը’