‘«Կարֆուրի» համար նորանոր արգելքներ են առաջանում. Մամուլ’

1360

Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ ֆրանսիական «Կարֆուրը», Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի։

«ՀԺ»-ի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա։ «Կարֆուրը» Հայաստանում՝ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր դեռ մեկ տարի առաջ։ Սակայն ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով «Կարֆուրը» որոշեց հիպերմարկետ բացել այլ տեղում՝ դեռ կառուցվող «Երևան մոլ»–ում։

Սա արդեն բացասական ազդեցություն է թողել հիպերմարկետը բացելու գործընթացի վրա։ Իսկ հիմա, ուսումնասիրելով Հայաստանից արտագաղթի իրական ծավալները, «Կարֆուրի» մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար։

«Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան մեր թղթակցին հայտնել է, որ «Կարֆուրում», մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն նաև Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով, քանի որ դրա արդյունքում էականորեն կփոխվի նաև ներկրվելիք ապրանքների համար այսօր գոյություն ունեցող մաքսային ռեժիմը»,–գրում է թերթը, որը նաև տեղեկություններ է հայտնում «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մասին:

Համաձայն աղբյուրի, «Երևան մոլի» բացման ժամկետը հետաձգվում է մինչև փետրվար ամիս։ «Երևան մոլի» բացումը նախատեսված էր կատարել հոկտեմբերի մեջ։ Անգամ սեպտեմբերի սկզբում սեփականատերերը հաշվարկներ ունեին, որ կարող են մեկուկես ամսում առևտրի մեկնարկը տալ։

Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել։ Իսկ դրա հետնամասում կառուցվող նոր շենքը, որտեղ տեղ է պահված ֆրանսիական «Կարֆուր» մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերության համար, նախատեսվում էր շահագործել ավելի ուշ։ Սակայն, սեփականատերերի նպատակները փոխվել են. ««Երևան մոլը» կբացվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի նաև նոր շենքը»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Շռայլ հյուրասիրություն պետբյուջեի հաշվին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ընդերքը թալանվում է մարդկային կյանքերի գնով. Մամուլ’