‘ԿԲ. դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամն արժեզրկվել է շուրջ 9%-ով ‘

1169

2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9% գնաճի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է և ամսվա վերջին կազմել 2.6%: Վերջինս առավելապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների 3.2% աճով՝ 1.7 տոկոսային կետ նպաստմամբ, որի կառուցվածքում մեծ աճ է արձանագրվել «Միրգ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում՝ համապատասխանաբար 10.4% և 13.3% (ընդհանուր նպաստումը 1.2 տոկոսային կետ): Նոյեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 1.5%:

ՀՀ տնտեսության 2014 թ. չորրորդ եռամսյակի ընթացիկ զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական աճը հիմնականում կգտնվի իր ծրագրված ցուցանիշի շրջակայքում՝ տարեվերջին ձևավորվելով 3.1-3.6% միջակայքում: Մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների մասով առավելապես պահպանվել են նախորդ եռամսյակի միտումները, ինչպես նաև շարունակել են կրճատվել ՀՀ հիմնական գործընկեր երկրներից ստացվող դրամական փոխանցումները՝ պայմանավորված ՌԴ տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու արժեզրկմամբ: Միևնույն ժամանակ, չորրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է թույլ զսպող:

2014 թ. հունվար-նոյեմբերի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.7%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 2.1%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 3.9%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում դեկտեմբերին դիտվել էին կտրուկ փոփոխություններ՝ պայմանավորված արժութային շուկայի զարգացումներով և դրան ԿԲ-ի արձագանքմամբ: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը դեկտեմբերի 22-ի դրությամբնախորդ ամսվա նկատմամբ աճել է 12.7 տոկոսային կետով՝ կազմելով 19.8%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 12.8 տոկոսային կետով՝ կազմելով 20.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, պայմանավորված Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության արժույթի կտրուկ արժեզրկմամբ և դրամական փոխանցումների ծավալների նվազմամբ, դիտվել է ՀՀ դրամի փոխարժեքի էական տատանողականություն. ՀՀ դրամի միջինամսական փոխարժեքը դեկտեմբերի 22- ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.1%-ով` կազմելով 462.4 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 8.4%-ով՝ կազմելով 572.0 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 11.7%-ով`կազմելով 8.1 դրամ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Շահեն Կարամանուկյանի մայրիկի մահվան առիթով’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Ոստիկանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ ‘