‘ԿԲ նախագահ. Բյուջեի պակասուրդը նվազել է 68.2 մլրդ դրամով ‘

1164

ԱԺ-ում շարունակվում են հերթական քառօրյայի նիստերը, ներկա է 70 պատգամավոր, քառօրյայի այսօրվա նիստին չի մասնակցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն ամբողջությամբ:
Քննարկվում է Կենտրոնական բանկի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
ՀՀ ԿԲ նախագահը մասնավորապես նշեց, որ նախորդ բյուջետային տարում ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված է եղել ինչպես տնտեսական ակտիվության վերականգնմանը, այնպես էլ պետական պարտքի կայունության ապահովմանը:
Արթուր Ջավադյանը նկատեց, որ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12,9 տոկոս աճ, ըստ այդմ` հարկերն աճել են 10,1 տոկոսով, իսկ պարտադիր սոցիալական վճարների գծով աճը կազմել է 17,2 տոկոս:
Տարվա արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 5,3 տոկոսով զիջել են նախատեսված մակարդակը և կազմել տարեկան ծրագրվածի 94,7 տոկոսը:
ԿԲ ղեկավարը տեղեկացրեց նաև, որ բյուջեի պակասորդը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 68,2 մլրդ դրամով և կազմել 105,7 մլրդ դրամ, որը շուրջ 53,1 մլրդ դրամով պակաս է տարեկան ճշգրտված ծրագրով նախատեսված ցուցանիշից, հայտնում է iLur.am-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Օբաման և Ռոմնին երես առ երես կհանդիպեն Դենվերում կայանալիք հեռուստաբանավեճի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Իրանին «առիթ եւ 24 ժամ» է պետք Իսրայելին ոչնչացնելու համար’