‘ԿԲ.-ն պատասխանել է «Google AdSense»-ի և «PayPal»-ի մասին բաց նամակին’

3290

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ անանուն նամակ: ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տվել այս հարցի վերաբերյալ: Բանկի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

««Google AdSense» համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: «Google AdSense» համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին «EFT – Electronic Fund Transfer» համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում:

Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները:

Ինչ վերաբերում է «Paypal» համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց «Paypal» հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել «Paypal» համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ-ի համար հանելու ուղղությամբ:

Ի լրումն, հարկ է նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: Մեր շփումները «Paypal» ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել»:

Հիշեցնենք, որ ԿԲ-ին ուղղված բաց նամակում մասնավորապես ասվում էր.

Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ:

Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր: Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար: Դա հնարավորություն կստեղծի որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:

Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից: 

Նախորդ հոդվածը‘Սաֆարովի արտահանձնումը կասեցրեց ԼՂ բանակցությունների ընթացքը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստներն այցելել են Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի շիրիմին’