‘ԿԲ-ն ստիպում է բանկերին և ՈՒՎԿ-ին «կուտակային» վճարումներ կատարել ‘

1114

Վերջին օրերին Կենտրոնական բանկից զանգում են վարկային ընկերությունների և բանկերի տնօրեններին և հորդորում աշխատակիցների աշխատավարձերից պահել և կուտակային ֆոնդերին փոխանցել կենսաթոշակային վճարները` հակառակ դեպքում սպառնալով ստուգումներով և պատժամիջոցներով: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց վարկային կազմակերպություններից մեկի աշխատակիցը` հասկանալի պատճառով խնդրելով չհրապարակել իր անունը:

Ըստ մեր աղբյուրի, կազմակերպությունների աշխատողները դիմումներ են գրել տնօրեններին` խնդրելով, որ կուտակային պահումներ չարվեն մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան վճռի հրապարակումը: 

Երբ որոշ տնօրեններ, ընդառաջ գնալով աշխատակիցների խնդրանքին, չեն ենթարկվել ԿԲ-ից «իջեցված» հրահանգին, գործի է անցել ֆինանսների նախարարությունը, ըստ էության, տնօրեններին դնելով անելանելի վիճակի մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը աշխատանքային որոշում է կայացրել, որով մինչև խնդրի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը կասեցնում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի այն դրույթները, որով կենսաթոշակային պարտադիր վճարումներ չկատարելու համար պատասխանատվություն է սահմանվում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկում են ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ: Դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն Ուկրաինայում բանակցությունների վերսկսման հույս է հայտնել’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ անդամակցության օրենսդրական նախագծերը ԱԺ կմտնեն մարտի վերջին’