‘ԿԳՆ-ն հերքում է բուհերում անվճար տեղերի քանակի նվազման մասին տեղեկությունները’

868

Կրթության եւ գիտության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որոնց համաձայն ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը հասել է նվազագույնի:

ԿԳՆ տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն  որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:

Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:

Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:

Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:

Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:

 

Նախորդ հոդվածը‘Խորվաթիայի հավաքականի վերջնական կազմը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Ռեմաքս ինֆինիթ»-ի նախագահի հետ’