‘Կել. «Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում»’

1246

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագ Սեբաստիան Կելը «Bild»-ին տված հարցազրույցում հիացմունքով է խոսել հարազատ թիմի՝ այս մրցաշրջանում ցուցադրած խաղի և հարձակման գծի ֆուտբոլիստների մասին:

Բորուսիան» կրկին հիացնում է իր խաղով:

-Տղաները ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում: Նրանք կրկին մրցաշարային աղյուսակի վերնամասում են և կայուն խաղ են ցուցադրում: Չնայած մրցաշրջանի առաջին հատվածի վերջին խաղում «Քյոլնից» կրած պարտությանը՝ բոլոր 3 մրցաշարերում գրանցած արդյունքները գոհացուցիչ են: Հասկանալի էր, որ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո հեշտ չի լինելու, սակայն թիմը հիանալի լուծեց խնդիրները:

Կարելի՞ է ասել, որ Յուրգեն Կլոպից բաժանվելն ակումբի համար նախորդ ամռան լավագույն պահն էր:

-Անարդար կլինի նման բան ասելը, քանի որ Յուրգեն Կլոպը մեծ ներդրում է ունեցել «Բորուսիայի» առաջընթացում: Բայց կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի, և գուցե կարելի է ասել, որ նրա հեռանալն օգտակար եղավ ակումբի համար:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ զրուցել եմ Թոմաս Տուխելի հետ և արդեն այդ ժամանակ հասկացել եմ, որ նա հստակ ծրագիր և հիանալի գաղափարներ ունի: Կարծում եմ՝ ակումբում կատարած որոշ փոփոխությունները և մարտավարության հետ կապված հարցերը նա հիանալի լուծեց: Թիմը որակյալ խաղ է ցուցադրում: Ես ուրախ եմ, որ տղաները ցույց են տալիս, թե ինչ ներուժ ունի ակումբը: Այն տեղը, որը նրանք զբաղեցնում են, պատկանում է հենց «Բորուսիային»:

Բացի այդ, հիանալի է խաղում ՊիերԷմերիկ Օբամեյանգը:

-Ոչ միայն Օբամեյանգը. Հենրիխ Մխիթարյանն էլ ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: «Բորուսիայի» հարձակման գիծը կրկին բարձր մակարդակով է հանդես գալիս, և խփած 47 գոլը հիանալի ցուցանիշ է:

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն թույլ չի տվել Պլատինիին դիմել Մարզական վճռաբեկ դատարան’