Կենսագրության սրբագրման նոր շրջափուլ. Ալիք Մեդիա

662

Կրկին սեփական կենսագրությունները սրբագրելու ժամանակներն են։ Այսպես էր 1990-ի կողմերը, երբ խորհրդային երկիրն իր վերջին էր մոտենում։ Հանկարծ պարզվեց, որ կոմունիստները բոլորովին էլ կոմունիստներ չեն։ Հրաժարվեցին նրանք կոմունիստական կուսակցությունից, որին այդքան հավատարիմ ծառայել էին։ Մի կողմ դրեցին կուսակցական անդամատոմսերն ու դարձան երեւելի դաշնակցականներ, երեւելի ռամկավարներ, երեւելի դեմոկրատներ։

Մոռացան, որ կարճ ժամանակ առաջ երեւելի կոմունիստ էին։ Ավելին՝ հայտարարեցին, թե սովետին ու կոմունիզմին միշտ էլ դեմ են եղել։ Տեղավորվեցին նրանք նորաստեղծ հանրապետության իշխանական բուրգի բոլոր օղակներում ու իրենց սովետակոմունիստական մտածողությամբ, որից ձերբազատվելու միտք անգամ չունեին, ապականեցին մեր նորը։ Մեր երեկվա ու այսօրվա վիճակը շատ դեպքերում հենց նրանց ներկայությամբ է պայմանավորված։

2020-ի մեր պարտությունը նոր սահմանագիծ է դարձել, որից այս կողմ սեփական կենսագրությունը կրկին խանգարում է։ Պարզվում է՝ երեկվա «ոչ մի զիջում թշնամուն» տեսակետի պարագլուխները բոլորովին էլ այդպիսին չեն եղել։ Հակառակը՝ խաղաղության, հաշտության, բանակցություններով ու փոխզիջումներով Արցախի խնդիրը լուծելու կողմնակիցներ են եղել։

Սերժ Սարգսյանն է հայտարարում, թե «ոչ մի թիզ թշնամուն» տեսակետի կրողը չի եղել երբեք։ Բոլորովին չի բացառվում, որ իր մտքում նա, իրոք, այդպիսին չի եղել։ Բայց նրա գործն այլի վկայությունն է։ Իր իշխանավարման տասը տարիների ընթացքում նա այդպես էլ չգնաց փոխզիջումների միջոցով խնդրի կարգավորմանը։ Հակառակը՝ շարունակեց Քոչարյանի գիծը՝ ձգել որքան հնարավոր է երկար։ Եվ ձգեց մինչեւ փակուղի։ Նրա օրոք են բանակցությունները փակուղի մտել, ինչի մասին 2017-ին ինքն է ասել Ազգային ժողովում։

Վարդան Օսկանյանն է հայտարարում, թե Փաշինյանին, եթե մինչեւ պատերազմը հանդիպելու հնարավորություն ունենար, կառաջարկեր, որ գնա զիջումների եւ այդ ճանապարհով լուծի Արցախի խնդիրը։ Սա ասում է մարդ, որը 1990-ականների առաջին տարիներից է ներգրավված եղել Արցախի խնդրի կարգավորման գործընթացում, բայց 1998-ին անզիջումների շարքերն անցավ, դարձավ արտգործնախարար, գնաց բանակցությունները ձգելու ու խնդրի չլուծման ճանապարհով։

Սամվել Բաբայանն է նաեւ հայտարարում, թե միշտ էլ Արցախի խնդիրը փոխզիջումներով լուծելու կողմնակից է եղել։

Վարդան Հարությունյան

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵՄ-ն փորձում է նոր հակառուսաստանյան դաշինք ստեղծել
Հաջորդ հոդվածըԵԼ․ «Ռոման», «Բայերը», «Ռոյալ Յունիոնը» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)